Վրաստանի պաշտպանության ուժերը նոր հրամանատար ունի

Հուլիսի 1-ից Վրաստանի պաշտպանության ուժերը նոր հրամանատար ունի։ Գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիային փոխարինել է նրա տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Հրամանը ստորագրվել է հունիսի 29-ին։ Պաշտոնի հանձնման-ընդունման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և այլ պաշտոնատար անձիք։

Աջից՝ ձախ
Վրաստանի ՊՈւ հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլի, ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, ՊՈւ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիա

Արարողության ժամանակ գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիան շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին, նշելով, որ հեշտ է աշխատել մի մարդու հետ, ով սիրահարված է Վրաստանին և ում գալու առաջին օրվանից զինծառայողի բարեկեցությունն ու սոցիալական պայմաններն առաջնահերթություն են եղել։

Չաչիբաիան իր խոսքում անդրադարձել է նաև սերժանտներին՝ նրանց համարելով բանակի ողնաշարը, քանի որ հենց սերժանտների վրա է բանակի զարգացումը։ Ինչ վերաբերում է, թե ինչով է զբաղվելու ապագայում, Չաչիբաիան նշել է․ «Գնում եմ պահեստազոր, բայց կմնամ Վրաստանի զինվորն ու կլինեմ այնտեղ, որտեղ երկիրն իմ կարիքը կզգա»։

Վլադիմեր Չաչիբաիան պաշտպանության ուժերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2018թ․ դեկտեմբերից, երբ երկրում ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը, որով Վրաստանի զինված ուժերը վերանվանվեցին պաշտպանության ուժերի։ Մինչ այդ՝ 2016թ․ նոյեմբերից նա զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը, որում նշանակվում էին 3 տարի ժամկետով։

Հավելենք, որ Վրաստանի պաշտպանության ուժերի նոր հրամանատարը 2019թ․ դեկտեմբերի 27-ին Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով նշանակվել էր ՊՈւ հրամանատարի տեղակալ և ԳՇ պետ՝ թողնելով Արևմտյան հրամանատարության հրամանատարի պաշտոնը։ 2020թ․ ապրիլի 30-ին զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Գիորգի Մաթիաշվիլին ստացել էր գեներալ-մայորի կոչում։

Գեներալ-մայորն իր ռազմական կարիերան սկսել է 1998 թվականից։ Կրթություն է ստացել ինչպես Վրաստանում, այնպես էլ Գերմանիայում։ Տարատեսակ դասընթացների (դիպուկահարների, պարաշյուտային, լեռնային պատրաստության, հատուկ նշանակության ուժերի օդադեսանտային դասընթաց և այլն) է մասնակցել Գերմանիայում, ԱՄՆ-ում, Լատվիայում։

2018-2019թթ․ եղել է Արևելյան հրամանատարության հրամանատար, իսկ 2016-2018թթ․ ցամաքային ուժերի Արևելյան հրամանատարության հրամանատարի տեղակալ։ Երկար տարիներ զինված ուժերի տարբեր հրամանատարություններում զբաղվել է օպերատիվ պլանավորմամբ, կարճ ժամանակ եղել Օպերատիվ պլանավորման դեպարտամենտի պետի, իսկ 2012-2016թթ․ պետի տեղակալ։

Գիտի անգլերեն, գերմաներեն, ռուսերեն։ 42 տարեկան է, ամուսնացած։

You might also like