Վրաստանի պաշտպանության նախարար. «Մենք ունենք իդեալական հարաբերություն և համագործակցություն»
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Փետրվարի 27-ին նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Կնքվել է պաշտպանական ոլորտում համագործակցության 2020թ. պլանը։
Երկկողմ հանդիպումից հետո կողմերը լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն են արել։
Նախարար Դավիթ Տոնոյանը ուրախությամբ նշել է, որ Հարավային Կովկասի երկրներից Վրաստանի պաշտպանության նախարարն առաջինն այցելել է Հայաստան։ Տոնոյանը հայտնել է, որ ռազմական համագործակցության ծրագրում ներառված են պաշտպանական բնագավառում միջոցառումներ, ռազմական կրթության, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները։
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ընդլայնել՝ դեռևս չներառելով մեր երկկողմանի ծրագրում։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ-ն ու Վրաստանը փոխադարձաբար ընկալում ու հարգում են միմյանց ժողովրդավարության ու արժեքային համակարգերը, նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները և ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ ապագայում ավելի անվտանգ և բերեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գաղափարին»,- նշել է Դավիթ Տոնոյանը։
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ խոսել է երկու երկրների միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների մասին, նշելով, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
«Մենք ունենք իդեալական հարաբերություն և համագործակցություն, որն ուղված է մեր գերատեսչությունների զարգացմանը, ուժեղացմանը, համագործակցությանը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում անցկացվելիք միջազգային զորավարժությանը։
«Ուզում եմ նաև նշել այն փաստը, որ հարևան, բարեկամ հայ զինծառայողները ՆԱՏՕ-ի անդամ և այլ գործընկեր երկրների հետ կմասնակցեն 2020թ. Վրաստանում անցկացվելիք վրաց-ամերիկյան Noble Partner բազմազգ զորավարժությանը»,- հավելել է Ղարիբաշվիլին։