Վրաստանի նախագահը պաշտպանության և անվտանգության հարցերով նոր խորհրդական ունի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտպանության և անվտանգության հարցերով նոր խորհրդական ունի։ Պաշտոնում փետրվարի 20-ին նշանակվել է պահեստազորի սպա Գելա Գիորգաձեն։

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, Գիորգաձեն 1998-2009թթ. պաշտպանության նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, Լեհաստանում,Ռումինիայում, Բուլղարիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում եղել է Վրաստանի ռազմական կցորդը։

Գելա Գիորգաձեն 1994-98թթ. սովորել է Վրաստանի ՊՆ միացյալ ռազմական ակադեմիայում, իսկ 2000-2005թթ. սովորել է Գերմանիայի զինված ուժերի համալսարանում (Helmut-Schmidt-Universität — Universität der Bundeswehr Hamburg)` ստանալով քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում։

Նշենք, որ այս պաշտոնում Գիորգաձեն փոխարինել է 2019թ. հուլիսի 8-ին նշանակված Դիմիտրի Լեժավային։ Լեժավայի նշանակումը մեծ արձագանք էր գտել վրացական մամուլում։ Ընդդիմության ներկայացուցիչները դեմ էին այդ նշանակմանը, քանի որ նա 1983-94թթ. եղել էր Վրաստանի ԿԳԲ-ի սպա։

2019թ. օգոստոսին բարձրացված մեդիաաղմուկի ժամանակ պաշտոնապես չէր հայտարարվել, որ Լեժավան արդեն 1 ամսից ավել է կատարում է իր պարտականությունները։ Նա օգոստոսի 16-ին մասնակցել էր նաև Վրաստանի Ազգային պաշտպանության ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառմանը։

Օգոստոսի 20-ի երեկոյան Վրաստանի նախագահի ադմինիստրացիան հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ադմինիստրացիան նշանակումն անելիս առաջնորդվել է նրա պրոֆեսիոնալ փորձով։

Ընդդիմադիր գործիչները պնդում էին, թե արևմտյան կրթություն ստացած կադրային զինվորականների պակաս երկրում չկա և անհասկանալի է, թե ինչու է Զուրաբիշվիլիի խորհրդական դարձել խորհրդային պետական անվտանգության համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ։

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Թեոնա Աքուբարդիան էլ հայտնել էր, որ Լեժավայի խորհրդային անցյալն ու փորձն ի նպաստ չեն նախագահի որոշմանը։ Բացի այդ, կառավարության և նախագահականի միջև համաձայնությամբ նախագահը մշտական ներկայացուցիչ է ունենալու կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդում, հետևաբար հասանելիություն է ունենալու գաղտնի տեղեկատվության։

Ընդդիմադիր թևը պնդում էր, թե Դիմիտրի Լեժավան զինվորական չէ ու չի կարող խորհուրդներ տալ։ Վրացական, ինչպես նաև միջազգային բաց աղբյուրների հետազոտությունը ցույց է տալիս, որ Լեժավան բրիգադային գեներալ է, աշխատել է ՊՆ կադրերի բաժնում որպես բաժնի պետ, Դավիթ Թևզաձեի պաշտպանության նախարար լինելու ընթացքում որոշ ժամանակ եղել է նաև պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

You might also like