Վախթանգ Գոմելաուրին համատեղելու է Վրաստանի ՆԳ նախարարի և ԱԱԽ քարտուղարի պաշտոնները

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակվել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Նա համատեղելու է երկու պաշտոնները։ Նշանակման մասին փետրվարի 19-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Գիորգի Գախարիան։

ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր էր հունվարի վերջից, երբ ԱԱԽ քարտուղար Լևան Իզորիան հայտարարեց, որ նշանակվելու է Գերմանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը վարչապետի ենթակայությամբ գործող 8 անդամից բաղկացած խորհրդատվական մարմին է։ Այն պատասխանատու է ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման և համակարգման համար։
Կառույցի անդամներն են՝ ներքին և արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների նախարարները, պետական անվտանգության և հետախուզության ծառայության ղեկավարները, Պաշտպանության ուժերի հրամանատարը։

You might also like