ՀՀ ԶՈւ ԳՇ պետը JTEC-ում հետևել է «Վճռական աջակցության» համար պատրաստվող վրացական զորախմբի վարժանքին

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին այցելել է Կրծանիսիում տեղակայված «Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոն» (JTEC):
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ընդունել է կենտրոնի հրամանատար, գնդապետ Գիորգի Դումբաձեն՝ ներկայացնելով կենտրոնի պատմությունը, դրա առջև դրված խնդիրները։

Հայկական պատվիրակության անդամները ներկա են եղել ուսումնական կենտրոնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության համար պատրաստվող 13-րդ թեթև հետևակային գումարտակի վարժանքներին։

JTEC այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ուղեկցել է Վրաստանի Պաշտպանության ուժերի արևելյան հրամանատարության հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդրե Կիկնաձեն։

Փետրվարի 19-ին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ընդունել էր Վրաստանի ՊՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիան։ Կողմերը քննարկել էին պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ ռազմական կրթության, ռազմական բժշկության հարցեր։

Հայկական պատվիրակության կազմում են եղել նաև Վրաստանի հետ համագործակցության հարցերով ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

You might also like