Վրաստանի Հետախուզության ծառայության պետը հրաժարական է տվել

Վրաստանի Հետախուզության ծառայության ղեկավար և Անվտանգության խորհրդի քարտուղար Լևան Իզորիան հունվարի 27-ին POSTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից։
Իզորիան տեղեկացրել է, որ զբաղեցնելու է Գերմանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։

«Դեռ դեկտեմբերին որոշվել էր, որ ես կշարունակեմ իմ գործունեությունը Գերմանիայում որպես արտակարգ և լիազոր դեսպան։ Ներքին գործընթացները սկսել են դեռևս դեկտեմբերին, իսկ հունվարի սկզբին ինձ հայտնեցին, որ հունվարի 27-ին ես ազատման դիմում կնարկայացնեմ»,- հայտնել է Իզորիան։

Նա նշել է նաև, որ նոր պաշտոնում կսկսի աշխատել փետրվարի երկրորդ կեսից։

Նշենք, որ Իզորիան Հետախուզության ծառայության պետ էր նշանակվել 2019թ. սեպտեմբերին՝ կառավարության նոր կազմի հաստատման ժամանակ։ Նա փոխարինել էր Դավիթ Սուջաշվիլիին։ Հրաժարականից հետո թափուր է մնացել նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, քանի որ երկու պաշտոններն Իզորիան զբաղեցնում էր համատեղության կարգով։

Լևան Իզորիան 2016-2019թթ. եղել է պաշտպանության նախարարը, 2015-2016թթ. Պետական անվտանգության ծառայության պետի տեղեկալը, իսկ 2012-2015թթ. զբաղեցրել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։

Նշենք, որ Իզորիան կրթություն է ստացել Գերմանիայում (մագիստրատուրա և ասպիրանտուրա)։

You might also like