Թուրքիայի արտգործնախարար. ՆԱՏՕ-ն ընդարձակման կարիք ունի, և Վրաստանը պետք է դառնա անդամ

Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հունվարի 23-ին պանելային քննարկումներից մեկի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ՆԱՏՕ-ի ընդարձակման և Վրաստանի անդամակցության մասին։ «Ես չեմ հասկանում՝ ինչու մենք չենք հրավիրել Վրաստանին կամ անդամ դառնալու համար չենք ակտիվացրել գործողությունների պլանը [նկատի ունի MAP-ը- հեղինակ]»,- Չավուշօղլուի խոսքերը փոխանցում է Reuters գործակալությունը։ 

«Որպես հարևան՝ Ռուսաստանի հետ համեմատաբար ավելի լավ հարաբերություններ ունենալու համար մեզ քննադատում են, բայց մեր արևմտյան ընկերները չեն համաձայնում հրավիրել Վրաստանին, որովհետև չեն ուզում սադրել Ռուսաստանին։ Բայց Վրաստանը մեր կարիքն ունի, և մենք Վրաստանի նման դաշնակցի կարիք ունենք։ Այսպիսով՝ մենք ընդարձակման կարիք ունենք, և Վրաստանը պետք է դառնա անդամ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։

Թուրք արտգործնախարարի հայտարարությունը խանդավառորեն է ընդունվել Վրաստանում տարբեր քաղաքական գործիչների կողմից: Twitter-ում թուրք պաշտոնակցին արձագանքել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ կարևորելով Թուրքիայի աջակցությունը։

 

Նույն օրը՝ հունվարի 23-ին, հրապարակվել է նաև Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը գերմանական Bild պարբերականին, որտեղ դիվանագետը դարձյալ խոսել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին՝ մեղադրելով Ֆրանսիային և Գերմանիային Վրաստանի անդամակցությանը չաջակցելու համար։ Հարցազրույցի թարգմանությունը ներկայացրել են նաև թուրքական աղբյուրները։

«Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանին չվրդովեցնելու համար է, որ զգուշանում են Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց։ Սակայն մենք միշտ օրակարգ ենք բերում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը»,— նշել է թուրք արտգործնախարարը հարցազրույցում։ (թարգմանվել է թուրքերենից)

 

Նշենք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը ստացել է 2008թ. ՆԱՏՕ-ի՝ Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ։ Դաշինքի անդամները որոշեցին, որ Վրաստանը մի օր կդառնա Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ, սակայն հստակ ժամանակացույց չդրվեց։ Հաջորդ մյուս գագաթնաժողովներում անդամ պետությունները վերահաստատել են իրենց դիրքորոշումն այդ հարցում, սակայն Վրաստանի անդամակցությանը մշտապես դեմ են արտահայտվում մի շարք եվրոպական երկրներ, մասնավորապես Գերմանիան և Ֆրանսիան։

 

You might also like