Վրաստանի բանակի վիրավոր զինծառայողները կստանան 200-800 լարի դրամական օժանդակություն

2020թ. հունվարից Վրաստանի բանակի վիրավոր այն զինծառայողները, որոնք վնասվածք են ստացել միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում, Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանման ժամանակ՝ կախված իրենց վնասվածքից և ընդհանուր ֆիզիկական վիճակից, կստանան 200-800 լարի դրամական օժանդակություն։

Այս մասին հայտարարվել էր 2019թ. դեկտեմբերի 24-ին, երբ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել էր «Վիրավոր մարտիկների աջակցության» հիմնադրամի 2019թ. ամփոփիչ միջոցառմանը։

Այժմ Վրաստանի ՊՆ-ն հրապարակել է այն չափորոշիչները, որոնց համապատասխան հատկացվելու են հավելավճարները։

Հաշմանդամության ծանր աստիճան ունեցողներին տրվում է 800 լարի հավելում, անդամահատված կամ աչքի վնասվածք ունեցողներին հատկացվում է 600 լարի, մարմնական լուրջ վնասվածք ունեցող զինծառայողներին տրվում է 250 լարի հավելում, իսկ մարմնական ավելի թեթև վնասվածքի դեպքում տրամադրվում է 200 լարի դրամական հավելում։

«Վիրավոր մարտիկների աջակցության» հիմնադրամը (Wounded Warrior Support Foundation) ստեղծվել է 2016թ-ին։ Պոտենցիալ դոնորներ գտնելու համար որոշվել էր հիմնադրամը ներառել մասնավոր հատվածում։ 2018թ. հուլիսից հիմնադրամը կառավարում է Silknet ընկերությունը, որը հիմնադրամին 2020թ-ից 100 հազար լարիի փոխարեն կփոխանցի 300 հազար լարի։

You might also like