[ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ] Իրավիճակը Վրաստանում հունիսի 21-ին

Թբիլիսիում հունիսի 20-ին անցկացվելու էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գերագույն ասամբլեայի 26-րդ նստաշրջանը, որը վարում էր ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները պլակատներով և վանկարկումներով ներս են մտել նիստերի դահլիճ ու պահանջել, որ Գավրիլովը խոսնակի տեղից չվարի նիստը։ Նիստն ընդհատվել է, իսկ երեկոյան խորհրդարանի շենքի հարակից հատվածքում մի քանի հազար հոգանոց հանրահավաք է անցկացվել:

Կեսգիշերին ցուցարարների և իրավապահների միջև բախում է եղել, որի ժամանակ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Տուժածներ կան թե՛ իրավապահների, թե ցուցարարների շարքերում:

Ներկայացնում ենք օրվա բոլոր իրադարձությունների ժամանակագրությունը․ ավելի թարմ լուրերը՝ վերևում։

– Վրաստանի նախագահը, իսկ ավելի վաղ վարչապետը հանդիպել են Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, ներկայացրել իրավիճակը երկրում:

– Զուրաբիշվիլին այսօր հիվանդանոցներ է այցելել, տեսակցել է գիշերվա բախումների ժամանակ տուժածներին:

– Հունիսի 21-ի լույս գիշերվա բախումներից հետո ձերբակալվել է 305 քաղաքացի:

– Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացրել է, որ ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա:
«Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։
Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով հուլիսի 8-ից սկսած ռուսական ավիաընկերությունները ժամանակավորապես կդադարեցնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումը:

–  Այսօր ավելի վաղ ՌԴ-ում անցկացվել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել էր նաև Վրաստանում դրությունը: ԱԳՆ-ին հանձնարարվել էր Ռուսաստանի քաղաքացիներին՝ հատկապես զբոսաշրջիկներին, հատուկ զգուշացում անել Վրաստան այցելելու վերաբերյալ:

– Վրաստանում խորհրդարանի դիմաց շարունակվում է հանրահավաքը:

– Ուսանողներն առանձին են ցույցեր անում Թբիլիսիի պետական համալսարանի դիմաց:

– Ընդդիմությունը ներկայացրել է 3 պահանջ՝ ՆԳՆ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, ձերբակալվածներին ազատ արձակելը և իշխանության հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելը։

– Խորհրդարանում մանդատը վայր է դրել «Վրացական երազանք» կուսակցության անդամ Զաքարիա Քուցնաշվիլին։ Նա էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպիչը։

– Գախարիան հայտարարել է, որ հանրահավաքի ժամանակ ով բռնության կոչ կանի կամ բռնություն կցուցադրի, խիստ պատժվելու է։

– Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել։

– Գիշերվա բախումների ժամանակ տուժել է 32 լրագրող։ Նրանք հետաքննություն են պահանջում։

– «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում նիստ է արվում, որը նախագահում է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Ներկա են նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն և իշխող թիմի այլ անդամներ։

– ՆԳՆ-ն հայտարարել է, որ բերման ենթարկվածների մասին տեղեկատվություն ստանալու համար պետք է զանգահարել հատուկ թեժ գծի համարին։

– Երեկ ցույցերի ժամանակ տուժել է 240 մարդ, որից 102-ը կլինիկաներում են։ 240-ից 80-ն իրավապահներ են, մյուսները՝ ցուցարարներ։

– Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը երեկ եռօրյա պաշտոնական այցով Ադրբեջան էր մեկնել մասնակցելու Բաքվում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանին։
Վրաստանի խորհրդարանից հայտնում են, որ Կոբախիձեն չեղյալ է հայտարարել իր այցն ու վերադառնում է Վրաստան։

– Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս չեղյալ է հայտարարել իր այցն ու վերադառնում է Վրաստան։
Վրաստանում մի շարք դեսպանատներ հայտարարություն են տարածել, միջազգային կառույցներից դեռևս ոչինչ չկա։

– Գիշերը ՆԳՆ-ն հայտարարել էր, որ գործողություններն իրականացրել է օրենքի համաձայն։

– Պատրիարքարանը կոչ էր արել բոլոր կողմերին իրավիճակն անկառավարելի չդարձնել, չտրվել էմոցիաներին։

You might also like