Գաբալայում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Հունիսի 12-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Կողմերը եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև եռակողմ ձևաչափի բարելավման զարգացման պլանները։

Ինչպես նշվում է Վրաստանի ՊՆ հաղորդագրությունում, քննարկվել են ժամանակակից ռազմական կրթության, զորավարժությունների, փորձի փոխանակման զարգացման կարևորության հարցեր։ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան վերահաստատել է եռակողմ վարժանքների կարևորությունն ու ցանկություն հայտնել մեծացնել դրանց  մասշտաբը։ Բացի այդ, Իզորիան հայտնել է, որ Վրաստանը շարունակելու է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերին առաջարկել տարատեսակ լեռնային պատրաստության դասընթացներ անցնել Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում։

Մինչև եռակողմ հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Իզորիան և Հասանովը ստորագրել են Վրաստան-Ադրբեջան պաշտպանական համագործակցության 2019թ. պլանը։ Փաստաթղթի բովանդակության մասին Վրաստանի ՊՆ հավելյալ տեղեկություններ չի հաղորդում։

Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկվել են Վրաստանին տրված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության էական փաթեթի իրականացման հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել փաթեթի իրականացման գործում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությանը։ Կողմերն անդրադարձել են նաև Սև ծովի անվտանգությանը։

You might also like