Վրաստանն ու ԱՄՆ-ն աշնանը կկնքեն պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր. Իզորիա

Մայիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդի հետ։ Կողմերը քննարկել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության վերաբերյալ հարցեր,անդրադարձել են Սև ծովիանվտանգությանը։
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության՝ հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Վրաստանի ռազմական պատրաստության ծրագրին (Georgia’s Defence Readiness Program- GDRP) և մարտական պատրաստության կենտրոնի հետագա զարգացմանը։

Վրաստանի պաշտպանության նախարարի հաղորդմամբ՝ աշնանը Վրաստանն ու ԱՄՆ-ն պաշտպանական ոլորտում 3 տարով կնքելու են համաձայնագիր, որով հետագայում զարգանալու է Վրաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը։

«Համաձայնագիրը հնարավորություն է տալու Վրաստանին ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին և պատրաստ լինել ՆԱՏՕ-ին անդամակցության»,— հայտարարել է Իզորիան։

Նշենք, որ 2018 թվականին Վրաստան-ԱՄՆ համագործակցությունը բավական ակտիվ է եղել։ Տարվա շրջանակներում Վրաստանն ԱՄՆ-ից ստացել է «Ջավելին» հակատանկային հրթիռային համալիրները, նույն թվականի մայիսին ԱՄՆ աջակցությամբ Վրաստանում պաշտոնապես մեկնարկել է Վրաստանի ռազմական պատրաստության ծրագիրը (Georgia’s Defence Readiness Program- GDRP), Վազիանիում գերմանական Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության կենտրոնի օրինակով ստեղծվել է մարտական պատրաստության կենտրոն (Combat Training Center — CTC), անցկացվել են զորավարժություններ,  եղել են երկկողմ պաշտոնական այցելություններ։

You might also like