Վրաստանում հակակարկտային կայանի հրթիռն ընկել է բնակելի տան վրա

Վրաստանի Ջուգաանի գյուղի բնակելի տներից մեկիի վրա է ընկեր «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի արտադրած հակակարկտային կայանի արձակած հրթիռը։ Պատահարի ժամանակ ընտանիքի անդամները տանն են եղել, նրանցից ոչ ոք չի տուժել։ Հրթիռը տանիքից ծակել է առաստաղը, այնուհետև՝ հատակը։ Այս մասին մայիսի 13-ին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Բնության երևույթների վրա ակտիվ ազդեցության կենտրոնը (հակակարկտային կայաններն այժմ այս կենտրոնին են պատկանում) տեղեկացրել է, որ բուլղարական ընկերությունից բացատրություն է պահանջել, քանի որ հրթիռները բուլղարական արտադրության են։

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել անզգուշությամբ ուրիշի ունեցվածքը վնասելու փաստով։ Հրթիռն ուղարկվել է փորձաքննության։

Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հակակարկտային կայանի հրթիռը վնաս է պատճառում բնակելի տանը։ 2015թ. սեպտեմբերի 17-ին Կախեթի շրջանի Կաբլելի գյուղում հակակարկտային կայանից կրակելուց հետո հրթիռն ընկել էր տան վրա, ինչի հետևանքով հրդեհ էր առաջացել։ Այն ժամանակ «Դելտան» նշել էր, որ հրթիռը շարքից դուրս էր եկել տեխնիկական ինչ-որ անհասկանալի պատճառներով, և միջադեպը կախված չէ գիտահետազոտական կենտրոնի աշխատանքից, քանի որ այդ հրթիռները կենտրոնը գնում է Մակեդոնիայից»։ Միջադեպից մի քանի ամիս առաջ կենտրոնը հայտարարել էր, որ պատրաստվում է հրթիռների սեփական արտադրություն ունենալ։

Վրաստանում այժմ տեղակայված է մի քանի տասնյակ հակակարկտային կայան և կրակի կառավարման կենտրոն։ Համակարգը ստեղծվել է 2014-15թթ., պետբյուջեից մոտ 20 մլն լարի (մոտ 10 մլն ամերիկյան դոլար) հատկացումով։ Փորձարկումների փուլում օգտագործվում էին մակեդոնական և բուլղարական արտադրության հրթիռներ։

Հակակարկտային կայանները տեղադրված են «Դելտայի» արտադրած «Դիդգորի» զրահամեքենաների վրա։

You might also like