Վրաստանում գործադուլ են անում Թբիլիսիի ավիացիոն գործարանի աշխատակիցները

Փետրվարի 27-ից Վրաստանում գործադուլ են անում Թբիլիսիի ավիացիոն գործարանի (Թբիլավիամշենի) աշխատակիցները: Նրանք ղեկավարությունից պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերն ու նորմալ պայմաններ ստեղծեն աշխատելու համար։ Գործադուլ անող աշխատակիցները վստահեցրել են, որ չեն դադարեցնելու պայքարը, քանի դեռ նրանց պահանջները չեն բավարարվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի կայքը։

Ինչպես նշվում է վրացական մեդիայում, աշխատակիցները բացի աշխատավարձի բարձրացումը պահանջում են նաև բոնուսային, թոշակային համակարգեր, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում, ջեռուցում։

Open Caucasus Media-ն հայտնում է, որ գործադուլ է անում 120 հոգի։ Լրատվամիջոցի հետ զրույցում գործարանի տնօրեն Իրակլի Գոգիբերիձեն հայտնել է, որ թեև ընկերության մեծ մասը պատկանում է կառավարությանը (Թբիլավիամշենիի 94%-ը պատկանում է էկոնոմիկայի նախարարությանը), բայց ինքը պետական աշխատող չէ։ Ըստ տնօրենի՝ աշխատակիցների աշխատավարձը չի կարող բարձրացվել, քանի որ նրանց աշխատավարձը գոյանում է պատվերներից։

Թբիլավիամշենիի աշխատակիցներից մեկը՝ Գիորգի Գեդամինսկին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը ստանում է 560 (մոտ 210$) լարի աշխատավարձ, սակայն այն չափազանց քիչ է իր արած աշխատանքի դիմաց։ «Սա բարձր ռիսկային գործ է։ Եթե ես պատահաբար պտուտակաբանալին գցեմ և չհանեմ, այն կարող է լռվել օդանավի մեխանիզմում և աղետի պատճառ դառնա։ Սրա համար ես կարող եմ մի քանի տարի անցկացնել բանտում։ Մենք պահանջում ենք ամսական նվազագույնը 1000 լարի (375$)»,— հայտարարել է ընկերության աշխատակիցը։

Նա նաև հայտնել է, որ ընկերությունում միջին աշխատավարձն այժմ 700 ($260) լարի է։

Նշենք, որ գործարանը հիմնադրվել է 1941 թվականին, ըստ ընկերության պաշտոնական կայքի, այժմ զբաղվում է ինքնաթիռների արդիականացմամբ, ավիացիոն մասերի արտադրմամբ։ Նախկինում հենց այս գործարանում էին արտադրվում Սու-25 գրոհիչները։

You might also like