Վրաստանի նախագահը Բաքվում խոսել է 2 երկրների տարածքային ամբողջականության հարցի մասին

Այսօր՝ փետրվարի 27-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը նախ՝ առանձնազրույց են ունեցել, որից հետո մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին։ Երկկողմ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։

Առանձնազրույցի ժամանակ, ըստ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության, Զուրաբիշվիլին հայտարարել է.

«Մեր երկրների բարեկամությունը մեծ պատմություն ունի, բազում ավանդույթներ են կապում մեզ։ Մենք ժամանակակից կյանք ենք սկսել միասին։ 100 տարի առաջ մենք վերականգնել ենք մեր անկախությունը, մի ժամանակ փոքր դաշնություն էլ ենք ունեցել։ Մենք միասին զգացինք՝ ինչ է նշանակում անկախության կորուստը և ինչ են նշանակում անցած դժվար տարիները…Մենք միասին վերադարձրինք մեր անկախությունը և այս վերջին տարիներին միանման ողբերգություններ զգացինք և այսօր էլ զգում ենք, թե ինչ են նշանակում երկրի համար օկուպացված տարածքները, որ քո երկրի տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ, չնայած այս դժբախտություններին, մենք միևնույնն է կարողացանք ուժեղացնել մեր պետությունները…»։

Ոչ առանձնազրույցի մասին հաղորդագրությունում, ոչ էլ ասուլիսի ժամանակ երկու երկրների նախագահները չեն խոսել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորության մասին։ Նախկինում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները տարածքային ամբողջականության հարցի մասին խոսելիս կարևորում էին խաղաղ կարգավորումը։

Մամուլի ասուլիսի ժամանակ արդեն կողմերը կարևորել են երկու երկրների համագործակցությունը էներգետիկ և տրասնպորտային ոլորտներում։ Նախագահներն անդրադարձել են Բաքու-Սուպսա, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերին, ինչպես նաև «Հարավային գազային միջանցք» նախագծին և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին։

Ասուլիսի ժամանակ Զուրաբիշվիլին հավելել է նաև, որ Իլհամ Ալիևի հետ անդրադարձել են սահմանային վեճերին` նշելով, որ սահմանները պետք է միավորեն, այլ ոչ թե բաժանեն։

Այցի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է նաև Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, վարչապետ Նովրուզ Մամադովին, խորհրդարանի խոսնակին։ Զուրաբիշվիլին այցելելու է նաև Գախ, Զագաթալա և Բեյլագանի շրջաններ, որտեղ բնակվում են էթնիկ վրացիներ։

You might also like