Վրաստանն ու Հայաստանը ստորագրել են 2019թ. ռազմական համագործակցության պլանը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ Երևանում Լևան Իզորիային և փոխնախարար Լելա Չիքովանիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հանդիպման ավարտին կողմերը կնքել են 2019 թվականի ռազմական համագործակցության ամենամյա պլանը, որն ընդգրկում է ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Համագործակցության պլանը կնքվում է ամեն տարի՝ սկսած 2010 թվականից։

«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահավմանն ուղղված լուծումները և հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային կովկաս ունենալու գաղափարին»,— նշել է Դավիթ Տոնոյանը։

Լևան Իզորիան իր հերթին նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, բացի այդ, կարևորել են հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջնահերթությունը։ Իզորիան հույս է հայտնել նաև, որ Հայաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել Վրաստանում անցկացվող միջազգային զորավարժություններին։

«Շնորհակալություն պարոն Դավիթին, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները 2019-ին և հաջորդ տարիներին կմասնակցեն միջազգային զորավարժություններին, ինչպիսիք են Nobel Partner-ը և Agile Spirit-ը»,— հայտարարել է Լևան Իզորիան։

You might also like