Օրենքի նախագիծ. Վրաստանում բանակում չծառայածներին կարգելվի պետական ծառայության անցնել

Վրաստանի կառավարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի՝ պարտադիր ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց կարգելվի պետական ծառայության անցնել։ Նշվում է, որ այս նախաձեռնության նպատակը զորակոչի և զորահավաքի կատարելագործումն է։  Այս մասին փետրվարի 16-ին տեղեկացրել են վրացական լրատվամիջոցները։

Թեման քննարկվում է ինչպես վրացական սոցմեդիայում, այնպես էլ նախկին պաշտոնյաների շրջանում։  Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազում օգտատերեր թերահավատորեն են մոտենում նախագծի ընդունման հավանականությանը։

Փետրվարի 18-ին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դիմիտրի Շաշկինն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակությունն, այլ ընդհակառակը՝ կխթանի գործազրկությունը։ Շաշկինը պնդում է, որ այժմ շարունակական մրցակցություն կա մասնավոր և պետական սեկտորներում, լավագույն մասնագետներն աշխատում են մասնավոր հատվածում։

Շաշկինը հայտնել է նաև, որ 2013թ. Վրաստանի կառավարությունը հայտարարել էր փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց քանի որ չի կարողացել այն իրականացնել, դարձյալ անցել է պարտադիր ժամկետային զինծառայությանն ու պահեստազորին։ 2013թ. Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ 2017 թվականից Վրաստանը կանցնի պրոֆեսիոնալ բանակի։ Ըստ նրա՝ դրան հասնելու համար պետք էր փուլ առ փուլ կրճատել պարտադիր զորակոչվողների թիվը։

Հավելենք, որ Վրաստանի բանակն այժմ համալրվում է խառը սկզբունքով՝ զորակոչով և պայմանագրային հիմունքներով։ Ըստ այդ երկրի Սահմանադրության՝ 18-27 տարեկան տղամարդիկ պարտավոր են ծառայել բանակում 12 ամիս։ Բացառություններ լինում են նրանց համար, ովքեր օրենքով նախատեսված պատճառներ ունեն, օրինակ՝ առողջական խնդիրներ, հանցագործություն կատարելը և այլն։

Վրաստանում սակայն, հնարավոր է հետաձգել պարտադիր զինծառայությունը։ Սա կատարվում է մի քանի կետով՝ եթե զինապարտն ուսանող է, հիվանդ է, 2 երեխաների հայր է կամ էլ հոգևորական։ Հետաձգելու յուրաքանչյուր տարվա համար զինապարտը պետք է վճարի 2000 լարի, սակայն հետազգել կարող է մինչև 25 տարեկանը։ Դրանից հետո, եթե զինապարտը դարձյալ չի ցանկանում ծառայել, ապա պետք է սովորի մագիստրատուրայում անվճար հիմունքներով։

Հատկանշական է, որ Վրաստանի բանակում ծառայում է պարտադիր զորակոչվածների միայն 25 տոկոսը, մյուս 75 տոկոսը համալրում է ներքին գործերի և պատիժների կատարման նախարարություններում ծառայողների շարքերը: Պայմանագրային զինծառայողների հետ պետությունը կնքում է պայմանագիր 4 տարի ժամկետով։

2016թ. նոյեմբերին պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել էր, որ մեկ պայմանագրային զինծառայողին 1 տարի ապահովելու համար պետությունը ծախսում է 27 հազար լարի, իսկ ժամկետային զինծառայողի համար՝ ընդամենը 9000 լարի։

You might also like