Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները ստորագրել են վրաց-ֆրանսիական երկխոսության հռչակագիր

Վրաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօր՝ փետրվարի19-ին, ստորագրել են Դիմիտրի Ամիլախվարիի անվան վրաց-ֆրանսիական երկխոսության հռչակագիր։ Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ այս ձևաչափի հաստատումը շեշտում է Վրաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Երկխոսության ձևաչափը ներառում է մի շարք կարևոր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքականություն, պաշտպանություն և անվտանգություն, տնտեսություն և առևտուր, կրթություն, գիտություն, մշակույթ։

Հռչակագիրը կրում է Դիմիտրի Ամիլախվարիի անունը, քանի որ նա որպես սպա ծառայել է ֆրանսիական լեգիոնում, զոհվել է 1942թ. եգիպտական Էլ Ալամեյնում մարտերի ժամանակ։

Նշվում է, որ այս հայտարարության ստորագրման նախաձեռնությունը եղել է դեռևս 2018 թվականին, երբ Ֆրանսիայի արտգործնախարարն այցելել էր Վրաստան։ Երկու երկրների ԱԳ նախարարներն այս ընթացքում ակտիվորեն աշխատել են այդ ուղղությամբ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել փետրվարի 17-ին։ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայից ուղևորվելու է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Հավելենք, որ պաշտպանական ոլորտում երկրներն արդեն համագործակցում են։ 2018թ. դեկտեմբերի 8-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ֆրանսիայում իր գործընկեր Ֆլորանս Պարլիի հետ կնքել է ՀՕՊ կառավարման և վերահսկման համակարգեր գնելու մասին պայմանագիր։ Մինչ այդ 2015 թվականին կնքված երկու պայմանագրով Վրաստանն արդեն ստացել է ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության Ground Master 403 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայաններ և հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության MISTRAL ATLAS դյուրակիր ԶՀՀ-ներ։

You might also like