Վրաստանը IDEX 2019-ում ներկայացրել է 120մմ ականանետով սպառազինված «Դիդգորի Մեոմարին»

Վրաստանը փետրվարի 17-21-ն առաջին անգամ մասնակցում է Աբու Դաբիում անցկացվող IDEX 2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնն իր տաղավարում ներկայացրել է Դիդգորի զրահամեքենայի մոդիֆիկացված նոր տարբերակը՝ «Դիդգորի Մեոմարին»՝ սպառազինված 120 միլիմետրանոց ականանետով։ Այս մասին տեղակացնում է «Դելտայի» ֆեյսբուքյան էջը։

Դելտայի հրապարակած նկարներում երևում են, որ կենտրոնը ցուցադրել է նաև Դիդգորիի մի քանի տարբերակ՝ բժշկական տարհանման զրահամեքենա Didgori Medevac-ը, Դիդգորի-2-ը, ականանետներ, թեթև սպառազինություն, անհատական պաշտպանության միջոցներ, օրինակ՝ զրահաբաճկոններ, գլխարկներ։

Didgori Medevac-ն ու Դիդգորի-2-ը Նկարը՝ Դելտայից
Didgori Medevac-ն ու Դիդգորի-2-ը
Նկարը՝ Դելտայից

Ցուցահանդեսի առաջին օրը Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Բութխուզին, «Դելտայի» տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին և պատվիրակության մյուս անդամները հանդիպել են իրենց գործընկերների, ինչպես նաև վրացական ռազմական արտադրանքով հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Մինչ այս Դելտան ներկայացրել է նաև 4×4 ընթացամասով Դիդգորի-1, Դիդգորի-2 մեքենաները, որոնք իրենց հերթին ստեղծվել են F սերիայի Ford մեքենաների հիմքի վրա։ Կենտրոնն արտադրում է նաև 6×6 ընթացամասով Դիդգորի-3։

Դիդգորի-2-ի հիմքի վրա հետագայում ստեղծվել են կապի ապահովման մեքենաներ, ինչպես նաև Didgori Medevac-ն ու Didgori Meomari-ն։ Վերջին տարբերակի մասին վրացական մեդիան սկսեց խոսել դեռևս 2018թ.՝ ներկայացնելով զրահամեքենայի փորձարկումների ընթացքը։ Մեքենայի անձնակազմը 5 հոգի է, որից 2-ը՝ դեսանտը։

Նշենք, որ թեև Վրաստանն առաջին անգամ է մասնակցում այս կարևոր ցուցահանդեսին, բայց վրացական արտադրանքն արդեն ծանոթ է Միջին Արևելքի երկրներից Սաուդյան Արաբիային։ 2015թ-ին դեկտեմբերին Վրաստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրեցին 100-ից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին պայմանագիրը, որի արժեքը մոտ 40 մլն ամերիկյան դոլար էր։ Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր Սաուդյան Արաբիայում է եղել 2016թ-ին։

2018թ. Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան և Ինդոնեզիան հետաքրքրված են բժշկական տարհանման Didgori Medevac զրահամեքենաների գնմամբ։ Նախարարն այդ ժամանակ չէր հստակեցրել մատակարարման ժամկետներն ու ծավալը։

You might also like