Վրաստանի ՊՆ նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և նրա տեղակալին

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այսօր՝ փետրվարի 13-ին, Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյուլլերին։ Կողմերն անդրադարձել են Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, Սև ծովի անվտանգության գործում Վրաստանի դերակատարությանը, պաշտպանական համակարգում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաև այս տարվա մարտին անցկացվելիք համատեղ Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությանը։

Նշենք, որ Վրաստան-ՆԱՏՕ (NATO-GEO EX19) զորավարժությունն անցկացվելու է երկրորդ անգամ, առաջինը 2016-ին էր։ Առաջին անգամ Վրաստանի պաշտպանության ուժերը պատասխանատու են լինելու համատեղ զորավարժության պլանավորման և անցկացման համար։ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 22 պետություն ցանկություն է հայտնել մասնակցել հրամանատարաշտաբային զորավարժությանը, որի նպատակն է ճգնաժամային իրավիճակում արձագանքման գործողություններ պլանավորել ու իրականացնել:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա համաժողովի ընթացքում Լևան Իզորիան հանդիպելու է նաև Լիտվայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ, քննարկելու է ռռազմական ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Պաշտպանության նախարարի հետ Բրյուսելում է նաև փոխնախարար Լելա Չիքովանին։

You might also like