Վրաստանը 2019-ին արդիականացնելու է 7 միավոր ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ

Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2019թ-ին նախատեսում է արդիականացնել ռազմական տեխնիկան, ինչպես նաև պլանային նոր գնումներ անել։ 2019թ. արդիականացվելու է 7 միավոր ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռ։

«Այս տարի մենք սկսել ենք արդիականացնել ուղղաթիռներ և բյուջեից հատկացրել ենք 23 միլիոն լարի (ավելի քան 8,6մլն ԱՄՆ դոլար)։ Այսպիսով՝ 7 «Իրոկեզ» կարդիականացվի, ինչն էլ ավելի կզարգացնի մեր օդային պաշտպանական կարողությունները»,— հունվարի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

Ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռները Վրաստանում հայտնվել են 2001 թվականից, երբ ԱՄՆ-ն այդ երկրին նվիրեց 10 միավոր UH-1H «Իրոկեզ»։ 4 միավորը տրամադրվել էր որպես պահեստամաս, իսկ մյուս 6-ն օգտագործման համար։ 2008-ին ևս 2 միավոր «Իրոկեզ» Վրաստանը ստացել է Թուրքիայից։ Ըստ վրացական մեդիա հրապարակումների՝ 2008-ին Վրաստանը ևս 2 միավոր գնել է ԱՄՆ-ից։  2015թ. դեկտեմբերին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Էբրալիձեն հայտնել էր, որ ԱՄՆ-ն Վրաստանին ռազմական երկու ուղղաթիռ է տալու։

«Մենք ուղղաթիռները ստանալու ենք 50 միլիոնանոց դրամաշնորհի շրջանակներում։ Ուղղաթիռների արժեքը 18 մլն 500 հազար ԱՄՆ դոլար է, որի մեջ ներառված է ինչպես 2 ուղղաթիռի գինը, այնպես էլ դրանց պահեստամասերը, օդաչուների վերապատրաստման ընթացքը։ Ուղղաթիռները մենք կստանանք 2018 թվականին որակավորված օդաչուների հետ միասին։ Ուղղաթիռնեը լինելու են նոր, ամերիկյան «Իրոկեզ» տիպի, որից մենք արդեն ունենք, սակայն սրանք լինելու են բարելաված տարբերակը»,— հայտարարել էր Էբրալիձեն։ Մինչ այժմ Վրաստանի ՊՆ-ն չի հայտարարել նոր ուղղաթիռների ձեռքբերման մասին։

Ամերիկյան ուղղաթիռները Վրաստանում օգտագործվել են Noble Partner զորավարժությունների ժամանակ, ինչպես նաև 2015թ. Թբիլիսիի ջրհեղեղի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում: Բացի «Իրոկեզներից», Վրաստանի բանակն ունի նաև Մի-2, Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։

Նշենք, որ Վրաստանի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր փաթեթի կարևոր ոլորտներից են։ Վրաստանի ավիացիոն ենթակառուցվածքներն օգոստոսյան պատերազմից հետո հիմնականում օգտագործման ենթակա չեն։ 2008թ.վրաց-ռուսական պատերազմի ընթացքում հակամարտության գոտուց դուրս ՌԴ ԶՈւ ավիացիայի խոցման հիմնական թիրախները Վրաստանի օդանավակայաններն ու ռազմաբազաներն էին։ Վրաստանի ամենամեծ ռազմաբազա Վազիանին ու դրա ռազմական օդանավակայանի թռիչքուղին ռմբակոծվել են օգոստոսի 8-ին։ 2018թ. նոյեմբերի 12-ին պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն ու Վրաստանը համատեղ քննարկել են Վազիանի ռազմաբազայի օդանավակայանի վերակառուցման հարցը։ Ֆինանսավորում հատկացվելու է ԱՄՆ-ի և Վրաստանի բյուջեից։

You might also like