Վրաստանն առաջին անգամ ղեկավարելու է Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունը

Առաջին անգամ Վրաստանի պաշտպանության ուժերը պատասխանատու են լինելու այս տարվա մարտին անցկացվելիք Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժության պլանավորման և անցկացման համար։ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 22 պետություն ցանկություն է հայտնել մասնակցել հրամանատարաշտաբային զորավարժությանը։ Այս մասին հունվարի 28-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

Ըստ Իզորիայի՝ զորավարժությունը հրամանատարաշտաբային է, ըստ այդմ չի նախատեսվում հավելյալ ռազմական տեխնիկայի ներգրավվածություն։ Վարժանքների համար պատասխանատու է լինելու Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնը (NATO-Georgia Joint Training and Evaluation Centre- JTEC)։

«Այն հանգամանքը, որ պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է, հաստատում է, թե ինչքան հուսալի գործընկեր ենք մենք ՆԱՏՕ-ի համար»,— նշել է Իզորիան։

Զորավարժությանը ներկա է լինելու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով հաստատել էր իր ներկայությունն օրեր առաջ Բրյուսելում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ մամուլի ասուլիսում։

Նշենք, որ 2019-ին Վրաստանում անցկացվելու է ևս մեկ զորավարժություն՝ Agile Spirit-ը։ Այն առաջին անգամ անցկացվելու է ոչ թե արևելյան Վրաստանում, այլ՝ արևմտյան։ Նախկինում վարժանքներն իրականացվում էին Վազիանի ռազմաբազայում։

«Մենք ուզում ենք, որ այս տարի հնարավորինս շատ երկիր մասնակցի զորավարժությանը։ Արևմտյան Վրաստանում առաջին անգամ է նման լայնամասշտաբ զորավարժություն իրականացվելու»,— հավելել է Լևան Իզորիան։

Վրաստան-ՆԱՏՕ (NATO-GEO EX19) զորավարժությունն անցկացվելու են երկրորդ անգամ, առաջինը 2016-ին էր։ Նպատակն է ճգնաժամային իրավիճակում արձագանքման գործողություններ պլանավորել ու իրականացնել:

Agile Spirit զորավարժությունն առաջին անգամ Վրաստանում անցկացվել է 2011 թվականին ԱՄՆ և Վրաստանի զորախմբերի մասնակցությամբ։ Տարեցտարի մասնակից պետությունների թիվը փոխվում է։ 2018-ին մասնակցել է 10 պետություն։

You might also like