Վրաստանի նախագահը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունել է առաջին պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Ինչպես նշվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը և ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին (NATO Response Force) մասնակցելու, ինչպես նաև սույն տարվա մարտին Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունը հյուրընկալելու համար։

Վրաստան-ՆԱՏՕ (NATO-GEO EX19)  զորավարժությունն անցկացվելու է 2019-ի մարտին Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնում (JTEC)։ Վարժանքներն անցկացվելու են երկրորդ անգամ, առաջինը 2016-ին էր։ Նպատակն է ճգնաժամային իրավիճակում արձագանքման գործողություններ պլանավորել ու իրականացնել:

Նշենք, որ Աֆղանստանում առաքելություն է իրականացնում Վրաստանի պաշտպանության ուժերի 872 զինծառայող։ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսանալով՝ Վրաստանն ամենամեծ զորախումբն ունի այդ երկրում։

Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ—ի արձագանքման ուժերին, ապա  1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չառլի» վաշտը 2019թ. հունվարից փոխարինելու է NRF-ի կազմում ծառայող  1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտին։ Գնահատման բոլոր փուլերն անցելով՝ զինծառայողները մինչև 2021թ. դառնում են ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս։

 

 

You might also like