Բաթումիում ԱՄՆ ՌԾՈւ «Դոնալդ Քուք» ականակիր նավը վարժանքներ է անելու վրացական կողմի հետ

Սևծովյան շրջայցի շրջանակներում Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանել ԱՄՆ ռազմածովային ուժերի «Դոնալդ Քուք» ականակիր նավը, որը վարժանքներ է անելու այդ երկրի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա անվտանգության դեպարտամենտի ծառայողների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պաշտոնական կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Դոնալդ Քուք» ականակիր նավն արդեն 2-րդ անգամ է ժամանում Բաթումի նավահանգիստ։ Առաջին անգամ եղել է 2014 թվականին Սև ծով այցելության ժամանակ։ Վարժանքներ է անելու առափնյա անվտանգության դեպարտամենտի «Օչամչիր» և «Դիոսկուրիա» պարեկային նավերի հետ, որից հետո հունվարի 25-ին լքելու է Բաթումին։

ԱՄՆ ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ Սև ծովում նավարկելով նավը բարձրացնելու է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների հետ համատեղ փոխգործակցության մակարդակը։

Հունվարի 22-ին նավի անձնակազմի հետ հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ նշելով, որ «այս նավի այցը ևս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին»։ Վրաստանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ նավի կապիտան Մեթյու Փոուլն (Matthew Powel) Իզորիային ներկայացրել է նավի մարտավարատեխնիկական բնութագիրը։

Հավելենք, որ «Դոնալդ Քուք» ականակիր նավը ամերիկյան արտադրության Arleigh Burke դասի ականակիր նավերից է, նախատեսված է նավատորմի այլ նավերը հակառակորդի հականավային հրթիռներից պաշտպանելու համար։ Հագեցած է ամերիկյան արտադրության Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, ինչպես նաև Tomahawk թևավոր հրթիռներով։

Առափնյա անվտանգության դեպարտամենտի «Օչամչիր» և «Դիոսկուրիա» պարեկային նավերը Վրաստանում ծառայության են անցել 2018թ․ հոկտեմբերից։ Դրանք Island դասի պարեկային նավեր են, որոնք ԱՄՆ-ն Վրաստանին հանձնել է 2016թ․ սեպտեմբերի 30-ին։ Նավերը դուրս են բերվել ԱՄՆ առափնյա անվտանգության ուժերի հաշվեկշռից ու հանձնվել Վրաստանին որպես անհատույց նվեր։ Նավերն արդիականացվել են վրացական կողմի համար, ԱՄՆ Baltimore առափնյա անվտանգության բազայում 10-շաբաթյա վերապատրաստում են անցել  նավերի անձնակազմները։

 

You might also like