Վրաստանի պաշտպանության ուժերի պետը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

Հունվարի 15-ին Վրաստանի պաշտպանության ուժերի պետ (նախկինում զինված ուժեր), գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան մասնակցել է Բրյուսելում անցկացված Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վլադիմեր Չաչիբաիան ներկայացրել է պաշտպանական համակարգում ընթացող բարեփոխումներն ու տարածաշրջանում իրավիճակը։ Պաշտպանության ուժերի պետը Դաշինքի անդամ և գործընկեր երկրներին տեղեկացրել է նաև «Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի» իրականացման և հետագա պլանների մասին, խոսել 2019-ի գարնանն անցկացվելիք «NATO-Georgia Exercise 2019» զորավարժության մասին։ Չաչիբաիայի հետ նիստին ներկա է եղել նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ նախկին պետ, այժմ ՆԱՏՕ-ում Վրաստանի ռազմական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Բրյուսելում ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին մասնակցել են նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը։

Տեղեկացնենք, որ Վրաստանը, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսանալով, ամենամեծ թվով զորախումբն ունի Աֆղանստանում։

Առաջին անգամ Վրաստանն Աֆղանստան զորախումբ է ուղարկել 2004 թվականին։ Այդ ժամանակ Վրաստանը գերմանական զորախմբի կազմում ապահովում էր Աֆղանստանում նախագահական ընտրությունների ընթացքը։ Իսկ 2009թ. Վրաստանի խաղաղապահներն ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրաստանցի զինծառայողների փոխարինում։

Այժմ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայում է 885 զինծառայող։ Այս տարիների ընթացքում Աֆղանստանում Վրաստանը կորցրել է 32 զինծառայողի, մոտ 440 զինծառայող էլ վիրավորվել է։

You might also like