Վրաստանի նախագահը պաշտոնական առաջին այցով կմեկնի Բրյուսել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին պաշտոնական այցով մեկնելու է Բրյուսել։ Հունվարի 21-23-ը Զուրաբիշվիլին տարբեր հանդիպումներ է ունենալու եվրոպացի իր գործընկերների հետ։ Այս մասին տեղեկացնում է նախագահի ադմինիստրացիան։

Նշենք, որ Զուրաբիշվիլիի առաջին այցի մասին հայտնի էր դեռևս նրա երդմնակալության ժամանակ: Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ոչ մեկին չի զարմացնի, եթե իր առաջին այցով մեկնի Եվրոպա, մասնավորապես՝ Բրյուսել, Բեռլին, Փարիզ, Բալթյան երկրներ։

Հունվարի 15-ին էլ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում հայտնել էր, որ իր առաջնահերթությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն է։ «Մենք կարող ենք աշխատել մեր հարաբերությունների շատ հատվածների վրա՝ ներառյալ մեր վիզային կարգավիճակը։ Ես քննարկելու եմ սրանք մեր գործընկերների հետ Բրյուսելում իմ առաջին պաշտոնակայն այցի շրջանակներում»,— նշված է թվիթում։

Հավելենք, որ Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջին այցով 2013-ին մեկնել էր Երևան, իսկ ավելի վաղ՝ 2004-ին Միխեիլ Սաակաշվիլին առաջին պաշտոնական այցով եղել էր Մոսկվայում։

You might also like