Վրաստանում H1N1 վիրուսի պատճառով վերջին շրջանում մահացել է 15 քաղաքացի

Վրաստանում H1N1 վիրուսի պատճառով վերջին շրջանում մահացել է 15 քաղաքացի, որից 5-ը՝ Բաթումիում։ Հունվարի 12-ից կառավարության որոշմամբ մարդիկ կկարողանան բժշկի ցուցումով անվճար ստանալ «Տամիֆլյու» դեղը։ Մինչ այժմ դեղն անվճար տալիս էին ռիսկային խմբում գտնվողներին, օրինակ՝ հղիներին, երեխաներին, թոշակառուներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին։ Դեղատներից մեկն էլ վիրուսի դեմ պատվաստանյութն անվճար տրամադրում է պատվաստվել ցանկացողներին։ Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն ողջունել է այդ նախաձեռնությունն ու նշել, որ իրենք գրիպի դեմ հավելյալ պատվաստանյութ են պատվիրել։

Այժմ հիվանդանոցներում հոսպիտալացված է 845 հոգի, իսկ վերակենդանացման բաժանմունքներում կա 44 հիվանդ։  Այնուհանդերձ, ըստ առողջապահության նախարարության, երկրում համաճարակ չկա։ Վերջին տվյալներով՝ 100 հազար հոգուց հիվանդ է 256-ը, իսկ համաճարակային իրավիճակ է համարվում, երբ 100 հազարից հիվանդ է լինում 450-500 հոգի։

Վրաստանում կրթության նախարարությունն էլ իր հերթին առողջապահության նախարարության հետ քննարկումներից հետո որոշել է գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով դպրոցների և մանկապարտեզների արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը։ Իսկ Վրաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Պաատա Իմնաձեն պնդում է, որ կարանտինի հայտարարումն արդյունավետ չէ, քանի որ առանց դպրոցների և մանկապարտեզների էլ երեխաները շարունակում են շփվել իրենց հասակակիցների հետ։

Դասապրոցեսը ժամանակավորապես հետաձգվել է նաև մի քանի բուհերում։

 

 

You might also like