Վրաստանն ու Գերմանիան ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկու երկրների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ Բեռլինում ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ այս համաձայնագրով Գերմանիան շարունակելու է աջակցել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը Վրաստանի համար և օգնելու է Վրաստանին Դաշինքի անդամ դառնալու հարցում։ Փաստաթուղթը սահմանելու է երկրների ռազմական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության կարևոր ուղղությունները։

Նախարար Լևան Իզորիային Գերմանիա այցի ընթացքում ուղեկցում են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան և փոխնախարար Լելա Չիքովանին։ Նրանք Բեռլին են մեկնել Աֆղանստան այցից հետո։ Գերմանիայում Վրաստանի ՊՆ և ԳՇ ղեկավարները հանդիպել են նաև այդ երկրի ռազմական ղեկավարությանը, քննարկել ռազմական ոլորտում համագործակցության հարցեր։

Հարկ է նշել, որ Վրաստանի համար սա կարևոր համաձայնագիր է, որով նոր մակարդակի կբերվեն Վրաստան-Գերմանիա ռազմական հարաբերությունները՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում աջակցությունը։ Բանն այն է, որ Գերմանիան եվրոպական այն երկրներից է, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդարձակման քաղաքականության հարցում հստակ մերժողական դիրքորոշում ունի։ ՆԱՏՕ-ի բոլոր գագաթնաժողովների ժամանակ Գերմանիան, ինչպես նաև մի քանի այլ եվրոպական երկրներ դեմ են արտահայտվում Վրաստանին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action plan) կամ անդամակցություն տալուն։ Թեև պաշտոնապես բացատրությունում Ռուսաստանի հարցը որպես այդպիսին չի շեշտվում, բայց ոչ պաշտոնական և գիտական աղբյուրները հաստատում են, որ Գերմանիան ավելի բարձր է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները (անկախ ժամանակ առ ժամանակ առաջացող հակասությունների) և չի ուզում այդ քայլով ՌԴ-ին գրգռել։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն ավելի շատ քաղաքական հարց է, քան Վրաստանի ռազմական պատրաստության իրական աստիճանի գնահատում։

Հավելենք, որ այժմ Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ընթանում է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տրված «Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի» (Substantial NATO-Georgia Package) շրջանակներում: Բանն այն է, որ երբ 2014-ին Վրաստանը փորձում էր MAP ստանալ, Դաշինքը Վրաստանի քայլերին ի պատասխան տվեց համագործակցության նոր փաթեթ:

 

You might also like