Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զորախումբը նոյեմբերի 26-ին մասնակցում է ընտրությունների 2-րդ փուլին

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող Վրաստանի ԶՈւ զինծառայողները մասնակցում են Վրաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին։ Տեղական ժամանակով 07։00-ից բացված 2 ընտրատեղամասը կփակվի երեկոյան ժամը 20։00-ին, քվեատուփերը կփակվեն ու կտեղափոխվեն Վրաստան՝ նոյեմբերի 28-ին հաշվելու համար։ Այս մասին տեղեկացնում է վրաստանյան Interpressnews.ge լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ Աֆղանստանում գրանցված է 896 զինծառայող, մի բազայում 752 հոգի, մյուսում՝ 144։ Ընտրատեղամասեր կգործեն ամերիկյան Բահրամ ավիաբազայում և գերմանական «Մարմալ» բազայում։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում Աֆղանստանում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 398 ձայն, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 261 ձայն։

Հավելենք, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցել Սալոմե Զուրաբիշվիլին (38.64%) և Գրիգոլ Վաշաձեն (37.74%): Վրաստանում ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 28-ին։ Ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն կդառնա հաղթող, եթե ձայները հավասար լինեն, ապա ըստ ընտրական օրենսգրքի՝ հաղթող կճանաչվի առաջին փուլում ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։

 

You might also like