Սաակաշվիլին՝ Վրաստանի ադրբեջանական համայնքին. «Զուրաբիշվիլին ատում է Վրաստանի ադրբեջանցիներին»

Հոկտեմբերի 24-ին Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին տեսակապով միացել է «Օրվա լրահոս-Վրաստան» ֆեյսբուքյան էջի հետևորդներին, ովքեր հիմնականում Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ են։

Մի քանի լեզվով անցկացված տեսակապի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Վրաստանի բոլոր քաղաքացիների երկիրն է։ Բացի այդ, Սաակաշվիլին անդրադարձել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին (նրան սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը), նշելով, որ Զուրաբիշվիլին ատում է Վրաստանն ու հատկապես ադրբեջանցիներին։ Հատկանշական է, որ հենց Միխեիլ Սաակաշվիլի առաջարկությամբ Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի արտգործնախարար։

«Կարծում եմ, որ ապագա կառավարություններում պետք է լինեն նաև ադրբեջանցիներ։ Ոչ նրա համար, որ նրանք ադրբեջանցի են, այլ նրա համար, որ ամեն ոք իրեն զգա երկրի տեր»,— ասել է Սաակաշվիլին։
Այն մեկնաբանությանը, թե երբ ինքը կվերադառնա Վրաստան, Սաակաշվիլին նշել է. «Հոկտեմբերի 28-ին կքվեարկեք, 29-ին կլինեմ Վրաստանում»։

«Ադրբեջանցիներն իրենց երկրի լիիրավ տերը կլինեն, երբ քվեարկեն իրենց շահերի տեսանկյունից, այլ ոչ թե այնպես, ինչպես ինչ-որ մեկն է իրենց ասել։ Դուք ոչ ոքի սեփականությունը չեք»,— ավելացրել է նախկին նախագահը։ Սաակաշվիլին ավելացրել է նաև, որ երբեք այնքան մոտ չեն եղել հաղթանակին, որքան՝ հիմա։ Կարևոր է, որ մարդիկ թույլ չտան իրենց մարշրուտկաներով տեղից տեղ տեղափոխեն։

Տեսակապի տեսագրությունը Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնական էջում չի հրապարակել:

Տեղեկացնենք, որ վրաստանյան լրատվամիջոցներն օրեր առաջ տեղեկություններ էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի SOCAR պետական նավթարդյունաբերական ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք» կուսակցության որոշ պատգամավորների և տեղական իշխանությունների հետ Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել։ Ադրբեջանցի երիտասարդները Աբդուլաևին ցույցերով են դիմավորել, քանի որ վստահ են, որ նա իշխող կուսակցության սատարած թեկնածուի համար քվեարկելու կոչեր է արել։ Երիտասարդները ձեռքներին պահել են «Գրիգոլ Վաշաձեն՝ նախագահ», «Ուժը միասնության մեջ է» գրություններ։
Փակ հանդիպման մասնակիցներն էլ իրենց հերթին պնդում են, որ Աբդուլաևի այցը նախագահական ընտրություններով պայմանավորված չէ ու նրանք քննարկել են այլ նախագծեր։

Տեղի ընդդիմությունն էլ նշում է, որ այս քայլը մեկ այլ պետության ներքին գործերի մեջ խառնվելու հարց է, որն անընդունելի է։ Ընդդիմադիրները կոչ են արել բոյկոտել Սոկարին ու չօգտվել ընկերության վառելիքից։

Կարևոր է նշել նաև, որ ավանդաբար Վրաստանի ազգային փոքրամասնությունները հակված են եղել ընտրել իշխող կուսակցության ներկայացուցիչներին։

You might also like