Վրաստանի ՊՆ-ն ցուցադրել է ThalesRaytheonSystems-ից և MBDA-ից գնած ՀՕՊ համակարգերն ու հրթիռները

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վրաստանի զինված ուժերում նշվում է ռազմական ավիացիայի օրը: Այս առիթով Վրաստանի ԶՈւ Ալեքսեևկայում տեղակայված խառը համալրման ավիացիոն բազայում զինծառայողներին և հանրությանն է ներկայացվել Ֆրանսիայից գնված հակաօդային պաշտպանության համակարգերն ու հրթիռները:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես երևում է պաշտպանության նախարարության հրապարակած նկարներում, բազայում ցուցադրվել են ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության Ground Master 403 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը, հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության MISTRAL ATLAS դյուրակիր ԶՀՀ-ները: Դեռևս պարզ չէ, թե արդյոք Վրաստանը ստացել է պայմանագրով նախատեսված ամբողջ խմբաքանակը, թե ուղղակի մի քանի միավոր:

ThalesRaytheonSystems-ի Ground Master 400 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը, MBDA-ի MISTRAL ATLAS դյուրակիր ԶՀՀ-ները Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի
ThalesRaytheonSystems-ի Ground Master 400 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը, MBDA-ի MISTRAL ATLAS դյուրակիր ԶՀՀ-ները
Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Նշենք, որ ավելի վաղ՝մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը, Թբիլիսիում ցուցադրված զինտեխնիկայի թվում էր նաև Ground Master 403-ը:

Ground Master 403 ռադիոտեղորոշման կայանը Թբիլիսիում Անկախության օրվա ցուցադրությանը
Ground Master 403 ռադիոտեղորոշման կայանը Թբիլիսիում Անկախության օրվա ցուցադրությանը

Դրանից մի քանի օր հետո՝ մայիսի 31-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի օրը հրապարակեց Ground Master 403 (GM 403-ը GM 400 ընտանիքին պատկանող ռադիոտեղորոշման կայան է, լինում է նաև GM-406 տարբերակը-GeorgianReport) և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանների, ինչպես նաև իսրայելական Rafael Advanced Defense Systems-ի «երկիր-օդ» դասի Python հրթիռների լուսանկարները:

Նշենք, որ դեռևս 2015 թվականի հունիսի 15-ին և հուլիսի 10-ին պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին Ֆրանսիայում կնքեց երկու պայմանագիր, մեկը ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ, մյուսը՝ հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության: Ըստ այս երկու պայմանագրերի՝ Վրաստանը Ֆրանսիայից ՀՕՊ համակարգեր և հրթիռներ պիտի ստանա: Ստորագրված պայմանագրերի և ձեռք բերվող տեխնիկայի տվյալները վրաստանյան կողմը երբեք պաշտոնապես չի հայտարարել: Այս անգամ ևս պաշտպանության նախարարությունը զերծ է մնացել անուններ տալուց: Միակ բանը, որ տարիներ շարունակ և այսօր՝ հոկտեմբերի 1-ին, շեշտվել է, այն է, որ ձեռքբերված համակարգերը լիովին համատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այդ մասին իրենց խոսքում շեշտել են նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Տեղեկացնենք, որ դեռևս 2015թ-ին հայտարարվում էր, որ ֆրանսիացի մասնագետները ժամանելու են Վրաստան, օգնելու են վրաստանցի մասնագետներին պաշտպանունակության և ավիացիայի հարցերում։ Նշվում էր նաև, որ վրաստանցի զինծառայողներն էլ պատրաստություն են անցնելու Ֆրանսիայում։ Արդեն 2016 թվականի մարտին Վրաստանում էին ֆրանսիացի մասնագետները, թեև նրանց այցը չլուսաբանեց ոչ ՊՆ-ն, ոչ էլ վրաստանյան լրատվամիջոցները։ Վերջիններիս գալու մասին իմացվեց 2016-ի մարտի 23-ին Խիդաշելիի և Վրաստանում Նիդերլանդների դեսպանի հանդիպումից։ «Նախորդ շաբաթ մեզ մոտ էր ֆրանսիացիների խումբը, ովքեր աշխատում են ՀՕՊ հարցերի փաթեթի շուրջ։ Շուտով կգա նաև նիդերլանդական խումբը, ովքեր մեզ օգնելու են ավիացիայի հարցերով»,— հայտարարել էր Խիդաշելին:

Արդեն նոր պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր պաշտոնավարման ընթացքում ՀՕՊ և վրաստանցի զինծառայողների վերապատրաստման հարցերով հանդիպել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանում ելույթներից մեկի ժամանակ հայտարարել, որ պատրաստվում են Ֆրանսիայում վերապատրաստել 37 զինծառայողի:

Հավելենք, որ այժմ Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունն ընթանում է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տրված «Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի» (Substantial NATO-Georgia Package) շրջանակներում: Բանն այն է, որ երբ 2014-ին Վրաստանը փորձում էր Անդամակցության գործողությունների պլան (MAP —Membership Action plan) ստանալ, Դաշինքը Վրաստանի քայլերին ի պատասխան տվեց համագործակցության նոր փաթեթ: Այս փաթեթով համագործակցությունը ներառում է ռազմավարական, օպերատիվ և տակտիկական մակարդակներում համագործակցության 13 ոլորտներ, այդ թվում՝ ավիացան և հակաօդային պաշտպանությունը: 2016 թվականի Վարշավայի գագաթաժողովից հետո համագործակցության այս փաթեթը շարունակում է մնալ հիմնականը, թեև բազմիցս նշվել են, որ որոշ ոլորտներում տրվելու է համագործակցության ավելի լայն շրջանակ:

Ինչո՞ւ են Վրաստանի համար այդքան կարևոր ավիացիան և հակաօդային պաշտպանությունը

2008 թվականի օգոստոսյան պատերազմի օրերին Վրաստանի համար խնդիր էր հակաօդային պաշտպանութունը և ավիացիան: Թեև ըստ վրաստանյան կողմի՝ ՀՕՊ-ը բավական արդյունավետ է աշխատել ( ոչնչացրել է 19  ինքնաթիռ, ռուսաստանյան կողմի տվյալներով՝ 6 միավոր ինքնաթիռ է ոչնչացվել),  այնուամենայնիվ,  Վրաստանը բավական տուժեց հենց օդային հարվածներից:  Ռուսաստանյան կողմն ավիահարվածներ կարողացավ հասցնել վրաստանյան մի քանի ռազմաբազաների՝  Վազիանիին, Մառնեուլում տեղակայված ավիաբազային: Իմիջայլոց, Մառնեուլի ավիաբազան երևի թե ամենաշատը տուժեց և ամենաշատ հարվածներ ստացավ:  Այստեղ էին տեղակայված Սու-25 գրոհիչներ, ուսումնամարտական ինքնաթիռներ:

Պատերազմից հետո ՀՕՊ-ն ու ավիացիան վերազինելու ու թարմացնելու կարիք կար: Հենց դրա համար Վրաստանի իշխանությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղծ ծրագրերում մեծ ուշադրություն է դարձնում օդային պաշտպանությանը՝ համարելով, որ ՌԴ կողմից հնարավոր ագրեսսիայից պաշտպանվելու համար առաջին հերթին ուժեղ ՀՕՊ է պետք:

 

You might also like