Նախընտրական Վրաստան (մաս 1)

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կընտրեն թվով 5-րդ նախագահին, այս անգամ 6 տարի նախագահելու իրավունքով: Սա վերջին ընտրությունն է լինելու, որտեղ քաղաքացիները կարող են քվեարկությամբ ընտրել երկրի ղեկավարին: 6 տարի անց Վրաստանում նախագահ կընտրվի 300 հոգանոց Ընտրական կոլեգիայի կողմից: Այս փոփոխություններն ամրագրված են երկրի նոր Սահմանադրությամբ, որն ուժի մեջ կմտնի նորընտիր նախագահի երդմնակալությունից սկսած:

Վրաստանի ԿԸՀ-ն
Վրաստանի ԿԸՀ-ն

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ երկիրն անցնում է ամբողջությամբ խորհրդարանական կառավարման մոդելի: Նախագահի իրավասությունները բավականին սահմանափակված են: Նա դարձյալ համարվելու է երկրի ղեկավարն ու ԶՈւ գլխավոր հրամանատարը, զբաղվի արտաքին քաղաքականությամբ, բայց այլևս չի կարող խառնվել երկրի ներքին գործերին, չի կարող հրավիրել խորհրդարանում հարցի քննարկում ու մասնակցել դրան: Նախագահին առընթեր ստեղծվող Ազգային պաշտպանության խորհուրդի նիստ երկրի նախագահը կարող է հրավիրել միայն երկրում ռազմական դրության ժամանակ:

GeorgianReport.info-ն այսուհետ ամեն շաբաթ կներկայացնի նախընտրական շաբաթը Վրաստանում ու կծանոթացնի նախագահի ամենահավանական թեկնածուների գործունեության հետ: Հետևեք թարմացումներին տեղեկացված լինելու համար:

«Նախընտրական Վրաստան»  (մաս 1) հրապարակումը պատմում է նախընտրական գործընթացի, ամենահավանական թեկնածուների մասին:

Սեպտեմբերի 23-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Գրացվել է 25 թեկնածու, որից 19-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ 6-ը՝ խմբերի նախաձեռնությամբ: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ թեկնածուներն իրավունք ունեն մինչև հոկտեմբերի 16-ը հանել իրենց թեկնածությունը և չմասնակցել ընտություններին:

Նշենք, որ թեկնածության առաջադրման հարցով ԿԸՀ-ը ստացել էր 46 դիմում, որից 20-ը՝ քաղաքական կուսակցություններից, 26-ը՝ խմբերի նախաձեռնությամբ: Ըստ ԿԸՀ տվյալների՝ նրանցից 21-ի դիմումը մերժվել է տարբեր իրավական հիմքերով: 19 հոգու դիմում, ովքեր առաջադրվել էին նախաձեռնող խմբերի կողմից, մերժվել են, որովհետև չեն կարողացել հստակ ժամկետում ներկայացնել կողմնակիցների ցուցակները: Սա կարևոր նախապայման է գրանցման համար:

Վրաստանի 5-րդ նախագահի պաշտոնի համար պայքարող ամենահավանական թեկնածուներն են՝

№2Դավիթ Բաքրաձե — «Եվրոպական Վրաստան» կուսակցություն
№5Գրիգոլ Վաշաձեն — «Ուժը միասնության մեջ է» նորաստեղծ ընդդիմադիր կուսակցություն
№10Շալվա Նաթելաշվիլի — «Լեյբորիստական կուսակցոթյուն»
№21Կախա Կուկավա «Ազատ Վրաստան»
№25Դավիթ Ուսուպաշվիլի — «Զարգացման շարժում» կուսակցություն
№36Զուրաբ Ջափարիձե — «Գիրչի» քաղաքական կենտրոն
№48Սալոմե Զուրաբիշվիլի — անկախ թեկնածու, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը

Մյուս կուսակցությունները կամ անկախ թեկնածուները չունեն բավարար հայտնիություն կամ քաղաքական աջակցություն, այդ իսկ պատճառով առաջիկա հրապարակումներում GeorgianReport.info-ն կանդրադառնա ամենահավանական թեկնածուներին ու նրանց միջև պայքարին:

Հատկանշական է, որ Վրաստանի ներկայիս նախագահ Գիրոգի Մարգվելաշվիլին չառաջադրվեց 2-րդ անգամ՝ հայտարարելով, որ պատրաստ է երկրին ծառայել այլ ձևաչափով:

Տեղեկացնենք, որ Մարգվելաշվիլին նախագահական ընտրությունների օրը հայտնել էր օգոստոսի 1-ին, իսկ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է օգոստոսի 29-ից: Սեպտեմբերի 9-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ սատարելու է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Արդեն սեպտեմբերի 12-ին կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Քութաիսիում հանրությանը ներկայացեց Զուրաբիշվիլիին՝ հայտնելով իրենց աջակցությունը: Նախընտրական շրջանում արգելվում է ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառումը: Նախագահի թեկնածուներն այս շրջանում Վրաստանի տարբեր շրջաններում ակտիվորեն հանդիպում են ընտրողների հետ, ներկայացնում իրենց ծրագրերն ու տեսլականը:

You might also like