Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը

Այս րոպեներին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են Վրաստանի վարչապետի և կառավարության հրաժարականի համար անցկացվող ցույցերը, որոնք սկսել էին մայիսի 31-ի առավոտյան, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացրեց 2017 թվականի դեկտեմբերին երկու երիտասարդների սպանության համար մեղադրվողներից մեկին: Այս մասին տեղեկանում ենք վրաստանյան լրատվամիջոցների ուղիղ եթերներից:

Թբիլիսիում անցկացվող ցույցը նկարը՝ gurianews.ge-ի
Թբիլիսիում անցկացվող ցույցը
նկարը՝ gurianews.ge-ի

Ցուցարարների բողոքի ակցիաների ճնշման տակ արդեն հրաժարական է տվել Վրաստանի Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Իսկ Ռուսթավելիի պողոտա եկած վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին չթողեցին խոսի ու «գնա, գնա…» ասելով հեռացրին:

Տեղեկացնենք, որ երբ դատարանը հայտարարեց որոշման մասին, պարզվեց, որ Դատախազությունը բավարար ապացույցներ չի կարողացնել ներկայացնել դատարան, որպեսզի ապացուցի մեղադրվողների հանցանքը: Բացի այդ, մեղադրվողներից մյուսը ճանաչվել է մեղավոր սպանված Լևան Դադունաշվիլիի սպանության համար: Այսինքն՝ պարզ չէ, թե ով է սպանել Դավիթ Սարալիձեին:

Դատարանի որոշումից հետո սպանված երիտասարդներից մեկի՝ Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն, սկսեց ակցիա իրականացնել Վրաստանի դատախազության շենքի դիմաց: Որպես համերաշխություն Սարալիձեին ակցիաներ սկսեցին իրականացնել Զուգդիդիում (ցույցի կազմակերպիչը Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած Միացյալ ազգային շարժում կուսակցությունն է), Բաթումիում, Քութաիսիում:

Հետաքրքիրն այն է, որ դատարանի որոշումից հետո Վրաստանի Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրավիրել էր ճեպազրույց, որի ժամանակ հայտարարել էր, որ դատարանի որոշումն անընդունելի է: Վերջինս նշել էր, որ պարզ չէ, թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել: Խոստացել էր անպայման բողոքարկել որոշումը:

Դատախազության շենքի դիմաց ակցիայի ժամանակ հավաքվածների մոտ էր եկել նաև Վրաստանի առաջին տիկին Մայա Չիչուան: Նա գրկախառնվել էր Զազա Սարալիձեի հետ որպես համերաշխության նշան: Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին քայլել դեպի Ռուսթավելիի պողոտա խորհրդարանի շենքի դիմաց:

Նշենք, որ Շոթաձեի հրաժարականին արձագանքել է նաև Վրաստանի իշխող կուսակցության «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով վերջերս հայտարարեց նորից քաղաքականություն վերադառնալու մասին:
Իվանիշվիլին բարձր է գնահատել Շոթաձեի քայլը, նշելով, որ ուշի ուշով հետևել է դատական գործընթացին ու սպասել, որ ամեն ինչ կավարտվի ժամանակին ու արդար կերպով: Սակայն, իրավիճակը ցույց տվեց, որ արդարադատության, դատական համակարգի նկատմամբ անվստահություն է ձևավորվել տուժող կողմի և հասարակության մոտ, ինչին հաջորդել է Շոթաձեի քաղաքական քայլը: Այս հայտարարությունը ցուցարաներն ընդունեցին սուլոցներով ու շարունակեցին վանկարկել Իվանիշվիլիի հասցեին՝ «գնա, գնա…»:

Հավելենք, որ Վրաստանի խորհրդարանում ձևավորվել է հատուկ ժամանակավոր հանձնաժողով, որը հետաքննելու է երիտասարդների սպանության գործը: Րոպեներ առաջ հատուկ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ անձամբ հետևելու է հանձնաժողովի աշխատանքներին: Վաղը՝ հունիսի 1-ին, կընտրվի նոր դատախազ: Կվիրիկաշվիլին հայտնեց նաև, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել, սակայն այդ իրավիճակը չէ:

You might also like