Անչափահասների սպանության մեջ մեղադրվողները դատապարտվել են 10 և 9 տարի ազատազրկման

Այսօր՝ հունիսի 1-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է 2017թ-ի դեկտեմբերի 1-ին երկու անչափահասների սպանության մեջ մեղադրվողների ազատազրկման ժամկետները: Այսպիսով՝ սպանության համար մեղադրվող երկու անչափահասներից մեկը դատապարտվել է 10 տարի և 6 ամիս, իսկ մյուսը՝ 9 տարի և 10 ամիս ազատազրկման:

Հաշվի առնելով այն փաստը, որ անչափահասների սպանության համար մեղադրվողներն անչափահասներ են, ազատազրկման ժամկետները 14 և 13 տարուց կրճատվել են համապատասխանաբար 10 տարի 6 ամիս և 9 տարի 10 ամիս ժամկետներով: Բացի այդ, դատական նիստերն անցկացվել են դռնփակ:

Նշենք սակայն, որ մեղադրվողներից մեկը մեղավոր էր ճանաչվել Լևան Դադունաշվիլիի սպանության գործում, իսկ մյուսը մեղավոր էր ճանաչվել Դավիթ Սարալիձեի նկատմամբ սպանության փորձի համար: Այսպիսով՝ դատարանի որոշումից հետո պարզ չի, թե ով է Դավիթ Սարալիձեին սպանողը:

Մինչև այդ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն հայտարարել էր, որ մյուս մեղավորներն ազատության մեջ են:

Այսօր՝ հունիսի 1-ին, բողոքի ակցիաները շարունակվում են Վրաստանի տարբեր շրջաններում և մայրաքաղաք Թբիլիսիում՝ խորհրդարանի դիմաց: Զազա Սարալիձեն և իր կողմնակիցները հայտարարել են, որ դատարանի որոշումը ոչինչ չի փոխել, ու իրենք պայքարելու են համակարգային փոփոխությունների համար:

Հավելենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանձնարարականից հետո ՆԳՆ-ն կրկնակի հետաքննություն է իրականացնում: Հունիսի 1-ին ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի պետ, Վլադիմեր Բորցվաձեն հայտնել է, որ կան մարդիկ, ովքեր փորձել են աղավաղել այս գործի փաստերը, ինչպես նաև ազդել դատավարության արդյունքների վրա: Բորցվաձեն անուններ չի ներկայացրել , սակայն հայտնի է, որ երեկ գիշերը ՆԳՆ-ում հարցաքննվել է դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանին, ում Սարալիձեն մեղադրում է մեղավորներին թաքցնելու մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Զազա Սարալիձեին խորհրդարանի մոտ այցելել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ հավաստիացնելով, որ բանակցություններ կվարի նաև իշխանության հետ:

Վրաստանում իրադարձություններին արձագանքել է նաև պատրիարքարանը: Հաղորդագրությունում նշվում է, որ Վրաստանի պատրիարքարանը չի կարող աջակցել երկրում չկառավարվող գործընթացներին և բոլոր կողմերին խաղաղության կոչ է անում: Բացի այդ, նշվում է, որ Զազա Սարալիձեի բողոքը տեղին է, քանի որ նա վերջին մի քանի ամիսների ընթացքում փորձել է իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել գործին, բայց չի հաջողել: Պատրիարքարանը նաև կոչ է արել իշխանությանն անպայման հաշվի առնել այն իրողությունը, որ հասարակությունն ավելի մեծ աջակցության կարիք ունի ինչպես սոցիալական խնդիրների լուծման, այնպես էլ առաջին հերթին արադարության հաստատման հարցում:

Մայիսի 31-ին իր հերթին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ լրջորեն հետևելու է գործընթացին և անելու է ամեն ինչ հարցին լուծում տալու համար:

You might also like