ՀՀ վարչապետը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի պատրիարքին, տեղի գործարարներին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն այսօր՝ մայիսի 31-ին, ընդունել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը:
Մինչև այդ հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել էր «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, որտեղ դիտել է Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը, այնուհետև մասնակցել է ավանդական թեյախմությանը:

ՀՀ վարչապետի հանդիպումը Վրաստանի գործարարների հետ
ՀՀ վարչապետի հանդիպումը Վրաստանի գործարարների հետ

Մայիսի 31-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն Հայաստանում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

Նշենք, որ այժմ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է դեպի Սամցխե-Ջավախքի շրջան, որտեղ մի քանի կանգառներ է ունենալու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը Նկարը՝ ՀՀ վարչապետի կայքի
Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը
Նկարը՝ ՀՀ վարչապետի կայքի

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ վարչապետը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մայիսի 30-ին Թբիլիսիի երիտասարդության տանը բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված հուշատախտակը, որից հետո Վրաստանի վարչապետի և տիկնոջ անունից պաշտոնական ընթրիք է տրվել:

You might also like