ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետը

Մայիսի 30-ին երկօրյա առաջին պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Վրաստանի արտգործնախարարը դիմավորում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը
Վրաստանի արտգործնախարարը դիմավորում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը

Այնուհետ Նիկոլ Փաշինյանին և հայաստանյան պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Պաշտոնական ընդունելությունից հետո կայացել է առանձնազրույց, որից հետո ընդլայնված կազմով հանդիպել են Հայաստանի և Վրաստանի գերատեսչությունների ղեկավարները:

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին

Կվիրիկաշվիլի-Փաշինյան հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր: Կվիրիկաշվիլին իր խոսում շնորհավորել է Հայաստանին առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ու նշել.

«Մեզ համար, անշուշտ, կարևոր է Հայաստանում կայունությունն ու զարգացումը, այդ իսկ պատճառով մենք զգուշությամբ հետևել ենք վերջին զարգացումներին: Հայ ժողովուրդը ցույց տվեց իր նվիրվածությունը միասնության և ժողովրդավարական սկզբունքներին: Համոզված եմ, որ մենք կկարողանանք նոր երկկողմ հարաբերություններ հաստատել այն երկրի ու մարդկանց հետո, որոնց հետ ունենք դարավոր բարեկամություն»,— հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհավորել է Վրաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ նախագահի մակարդակով մասնակցությունը միտված էր ցույց տալ Հայաստանի ընկերական դիրքորոշումը Վրաստանին:

«Հայաստանի նոր կառավարությունն իր բոլոր ջանքերը կգործադրի հայ-վրացական հարաբերությունների նոր և դրամատիկ զարգացման համար: Մենք ուզում ենք տեսնել ուժեղ և կայուն Վրաստան»,— ասել է ՀՀ վարչապետը:

Ընդլայնված կազմով երկկողմ հանդիպում
Ընդլայնված կազմով երկկողմ հանդիպում

Արդեն ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, կրթական, առողջապահական, մշակութային և այլ կարևոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցեր:

Որոշվել է թարմացնել Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հանդիպումը կանցկացվի մոտ ապագայում: Շեշտվել է նաև բարձր մակարդակի այցերի անցկացման կարևորությունը:

You might also like