ԹԱՐՄԱՑՎԱԾ. Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի «Արմենիա» ֆիրմային գնացքը
Հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի նոր, արագ էլեկտրագնացք, որը ողջ ամառվա ընթացքում կաշխատի ամեն օր: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, տեղեկացնում է «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Երևանից գնացքը կշարժվի ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10-ին: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կկայանի նաև Սամտրեդայի կայարանում:
Տոմսի արժեքն ընկերությունը չի հրապարակել՝ նշելով, որ այն կախված կլինի, թե ինչպիսի վագոն եք նախընտրում: Նշվում է նաև, որ ուղևորների հոսքի ավելացման դեպքում գնացքի վագոնների թիվը կավելացվի:
Հիշեցնենք, որ մինչ այս երթուղին սպասարկում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքը: Ընկերության պաշտոնական կայքում դեռևս տեղեկություն չկա նոր գնացքի մասին:
Թարմացում 29.05.2018թ.
Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին ոչ թե նոր էլեկտրագնացք է սպասարկելու, այլ գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը: Այս մասին մայիսի 29-ին GeorgianReport.info-ին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանը:
Տեղեկությունը, թե երթուղին սպասարկելու է նոր արագ էլեկտրագնացք չի համապատասխանում իրականությանը: Վրաստանյան կողմի հաղորդագրության ոչ լիարժեք լինելու հետևանքով այն ընթերցողին թյուրիմացության մեջ է գցել: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պարզաբանումը կարող եք կարդալ մեր այս հոդվածում: