[Թարմացում] Կիևում ձերբակալվուց հետո Միխեիլ Սաակաշվիլին համախոհների օգնությամբ ազատվել է

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Կիևում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Միխեիլ Սաակաշվիլին իր տան տանիքին ձերբակալությունից առաջ. Կիև 05.12.2017թ
Միխեիլ Սաակաշվիլին իր տան տանիքին ձերբակալությունից առաջ. Կիև 05.12.2017թ

Լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը, նշում են, որ Սաակաշվիլիի նստավայրը փնտրվել է Գլխավոր Դատախազության կողմից քրեական հետաքննության շրջանակներում:

Մոտ 7 ժամ առաջ Սաակաշվիլիի համախոհներից Դավիթ Սաքվարելիձեն ֆեյսբուքյան իր էջում կարճ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սաակաշվիլիի տան դուռը կոտրում են: Սաքվարելիձեն նշել է նաև Սաակաշվիլիի տան հասցեն, որից հետո տասնյակ համախոհներ հավաքվել են նախկին նախագահի տան մոտ ու սկսել աջակցել նրան: Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնական էջը Ֆեյսբուքում տարածել է վերոնշյալ հաղորդագրությունը:

Տարբեր լրատվամիջոցներ, ինչպես նաև սոցցանցում տարբեր օգտատերեր կազմակերպել են ուղիղ հեռարձակում միջադեպի վայրից, որից հստակ երևում է, որ իրավապահները չեն կարողանում ճեղքել ամբոխն ու դուրս բերել մեքենան, որի մեջ Սաակաշվիլին է:
Ուղիղ եթերում պարզ երևում է, որ մարդիկ հարվածում են իրավապահներին, փորձում ճեղքել նրանց պատնեշը: Ոմանք ժամանակ առ ժամանակ բարձրանում են մեքենաների վրա ու տարբեր կոչեր անում: Ուժայիններն էլ իրենց հերթին երբեմն գազեր են օգտագործում, ամբոխի օղակը որոշ չափով թուլացնելու համար:

Տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ Սաակաշվիլին և իր՝ “Նոր ուժերի շարժում” կուսակցության համախոհները Կիևում հանրահավաք էին կազմակերպել և պահանջում էին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտը:

Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, վրաստանյան Ռուսթավի2 լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է, որ Սաակաշվիլիի ձերբակալությունը անակնկալ չի եղել: Նա հայտարարել է նաև, որ իր ամուսնու ձերբակալությունը վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համաձայնության արդյունքն է:

Նշենք, որ Վրաստանը մի քանի անգամ դիմել է Ուկրաինային Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու համար: 2017թ. հոկտեմբերին Վրաստանի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են ու սպասում են Ուկրաինայի պատասխանին:

Ձերբակալությունից հետո հնարավոր արտահանձման մասին Վրաստանի Գլխավոր Դատախազությունից տեղեկություն են տարածել, որ միջադեպի հետ կապված այս պահի դրությամբ Ուկարինայի Գլխավոր Դատախազությունից ոչ մի տեղեկություն չեն ստացել:

Թարմացում. Միխեիլ Սաակաշվիլիի համախոները կարողացել են ճեղքել ուժայինների պատնեշն ու ազատել նրան: Ուղիղ եթերում կարող եք հետևել իրավիճակին: 

You might also like

Comments are closed.