Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է Ահմեդ Չատաևը. Վրաստանի ՊԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 21-22-ը Թբիլիսիում անցկացված հակաահաբեկչական գործողության ժամանակ չեզոքացվել է հայտնի ահաբեկիչ Ահմեդ Չատաևը (լրատվամիջոցներում հայտնի է նաև Ախմեդ անունով):

Հայտնի զինյալ Ահմեդ Չատաևը
Հայտնի զինյալ Ահմեդ Չատաևը

Ինչպես նշվում է ՊԱԾ հաղորդագրության մեջ, 20 ժամ տևած հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է զինված խմբի 2 անդամ, իսկ Չատաևն իրեն բնակարանում պայթեցրել է: Վրաստանին սպանված անձանց ինքնությունը պարզելու հարցում օգնել են այդ երկրի միջազգային գործընկերները:

ՊԱԾ-ը հայտարարել է նաև, որ հետաքննության այս փուլում միջազգային գործընկերների հետ աշխատում են կանխել հնարավոր սպառնալիքները, որպեսզի ապահովեն բնակչության առավելագույն անվտանգությունը:

Հավելենք, որ վերոնշյալ գործողության ժամանակ չեզոքացվել էր 3 զինյալ, ևս մեկը ձերբակալվել էր: Առաջադրանքը կատարելու ժամանակ զոհվել էր ՊԱԾ հատուկջոկատային, վիրավորվել էին ՊԱԾ 2 հատուկջոկատային և ՆԳՆ հատուկ առաջադրանքների կատարման դեպարտամենտից ևս 2 ուժային:

Հիշեցնենք, որ Ահմեդ Չատաևի չեզոքացման մասին դեռևս մեկ շաբաթ առաջ հայտնում էին վրաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի կառավարական ուժերում կռվող վրաստանցի մի մարտիկի:

Ահմեդ Չատաևին, ապա նա, ըստ ռուսաստանյան և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցների, մասնակցել է չեչենական 2-րդ պատերազմին, որի ժամանակ կորցրել է ձեռքը: Ռուսաստանում համարվել է Դոկու Ումարովի ներկայացուցիչը Արևմտյան Եվրոպայում: Տարբեր տվյալներով նա զբաղվել է զինյալների հավաքագրմամբ: 2003-2012 թվականը մի քանի անգամ տարբեր երկրներում բանտ է նստել, այդ թվում՝ եղել է վրաստանյան բանտերից մեկում, հետո դուրս է եկել, ամուսնացել ու մնացել Վրաստանում:

2012 թվականի օգոստոսին Լոպոտա կիրճի հայտնի միջադեպից հետո Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց, որ կիրճում ձերբակալվել է վիրավոր Չատաևը: Այդ ժամանակ էր, որ անդամահատեցին նաև Չատաևի ոտքը: 2012թ-ի օգոստոսին Դաղստանին սահմանակից Լոպոտա կիրճում զինյալների խմբի և վրաստանցի ուժայինների միջև փոխհրաձգության արդյունքում զոհվել էին ՆԳՆ 2 ուժային, ինչպես նաև ԶՈւ ռազմական մեկ բժիշկ: Բացի այդ, գործողությունից հետո հայտնաբերվել էր 11 զինյալի դի, որոնցից 2-ը Վրաստանի քաղաքացի էին, 5 հոգի՝ Ռուսաստանի:

Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր նաև Ֆ-1 տիպի 2 նռնակ:
2012 թվականից հետո, երբ Վրաստանում իշխանափոխություն եղավ, Վրացական երազանքը նրան ընդհանրապես ազատ արձակեց՝ նշելով, որ որևէ բան նրա դեմ չկա:

Կես տարի անց Չատաևն արդեն Սիրիայում ղեկավարում էր ԻՊ խմբավորումներից մեկը, որի շարքերում կռվում էին չեչեններ, դաղստանցիներ, ինչպես նաև Պանկիսի կիրճից մարտիկներ:
Արդեն 2016 թվականին Չատաևը Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալն էր:

You might also like

Comments are closed.