Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացրել Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսի պատճառով

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում նոյեմբերի 26-ից բացված «Վերածնունդ» (აღორძინება) խորագրով ցուցահանդեսը մեծ իրարանցում է առաջացրել ադրբեջանական մամուլում: Բանն այն է, որ ցուցահանդեսին մասնակցում են Արցախից 7 երիտասարդ նկարիչներ:

Միջոցառումը նախաձեռնել են «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնը, տեղեկացնում է Վիրահայոց թեմի պաշտոնական կայքը:

Արցախցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը Թբիլիսիում Նկարը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի
Արցախցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը Թբիլիսիում։ Լուսանկարը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել՝ «անհանգստություն հայտնելով վրաստանյան համապատասխան կառույցներին», ինչպես նաև գործի դնելով ադրբեջանական մեդիայում տարատեսակ հակահայկական, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունները խարխլելուն միտված թեզեր, թե իբր «հայերը խաբել են Վրաստանի կառավարությանը»:

Ադրբեջանական մեդիա ներկայացուցիչներն իրենց հակահայկական արշավին ներգրավել են նաև վրաստանցի տարբեր քաղաքագետների, ովքեր «վստահեցնում են», թե «իրենց տեղեկացրել են, որ ցուցաանդես են ունենալու հայ նկարիչներ, իսկ ահա էթիկայի և բարոյականության տեսանկյունից ճիշտ չէ դրա անվան տակ ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»»:

Արցախցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի հյուրերը Նկարը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի
Արցախցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի հյուրերը: Լուսանկարը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի:

Բարձրացրած աղմուկին նոյեմբերի 27-ին արձագանքել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Վրաստանյան մեդիայում ԱԳՆ-ի հայտարարությունն այլ ձևակերպում ունի, իսկ ահա ադրբեջանականում՝ լրիվ այլ: Հարցն այն է, որ Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում կամ ֆեյսբուքյան էջում որևէ մեկնաբանություն հարցի վերաբերյալ չկա. դժվար է ստուգել ներկայացվող հայտարարությունների բառացի ճշգրտությունը:

Ըստ վրաստանյան Newsgeorgia.ge լրատվամիջոցի՝ ԱԳՆ-ից իրենց հետ զրույցում ասել են, որ ցուցահանդեսը մասնավոր նախաձեռնություն է, դրա կազմակերպման հարցում պետական կառույցները դերակատարություն չեն ունեցել:

«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը և սատարում է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մեր տեղեկություններով՝ ցուցահանդեսին ցուցադրված չի ինչ-որ տեսակի [նախադասությունը լիարժեք չէ շարադրված բնագրում- հեղ], որոնք կարող էին վիրավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», — լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հաղորդել են Վրաստանի ԱԳՆ-ից:

Արցախցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը Թբիլիսիում Նկարը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի
Արցախցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը Թբիլիսիում: Լուսանկարը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի:

Ադրբեջանական կայքերն իրենց հերթին տարածում են, որ Վրաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, թե Լեռնային Ղարաբաղի կամ Աբխազիայի իշխանությունների կողմից կազմակերպված ցուցահանդեսները, գիտաժողովներն անցանկալի են:

Հավելենք, որ դեռևս հայաստանյան կողմից վերոնշյալ հայտարարություններին որևէ մակարդակով արձագանք չի եղել:

Անկախ տարատեսակ հայտարարություններից ցուցահանդեսն արդեն 2 օր գործում է ու բաց է լինելու հանրության համար մինչ դեկտեմբերի 20-ը:

 

You might also like

Comments are closed.