Իզորիայի այցը Ֆրանսիա ու ՀՕՊ կարևորությունը Վրաստանի համար

Վրաստանի ԶՈւ հակաօդային պաշտպանության մասնագետները կվերապատրաստվեն Ֆրանսիայում՝ հետագայում Ֆրանսիայից գնած ՀՕՊ միջոցները շահագործելու համար: Այս մասին մայիսի 19-ին Ֆրանսիայում իր գործընկերոջ՝ Ժան-Իվ լը Դրիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, հաղորդում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները
Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Նշենք, որ դեռ նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանում Իզորիան հայտարարել էր, որ նախատեսվում է Ֆրանսիայում վերապատրաստել մոտ 37 մասնագետի: Նկատենք, որ Իզորիայի հայտարարությունը նորություն չէ. մասնագետների վերապատրաստման մասին դեռևս  2015-ի հուլիսի վերջին հայտարարել էր պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին: Նախկին նախարարն այն ժամանակ հայտնել էր, որ բացի վրաստանցի մասնագետներին Ֆրանսիա ուղարկելը, Վրաստան կժամանեն նաև ֆրանսիացի մասնագետներ և հենց տեղում կվերապատրաստեն զինծառայողներին:

Նկատենք, որ ապրիլի 18-ին Վրաստանի ՊՆ տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ «Կողմերն ուշադրություն են դարձնելու նաև Վրաստան-ՆԱՏՕ էական փաթեթի (Substantial NATO-Georgia Package) մասերից մեկի կատարման հարցում Ֆրանսիայի ներգրավվածությանը»:  Այն ժամանակ հաղորդագրությունում որևէ տեղեկություն չկար փաթեթի կամ Ֆրանսիայի ունեցած ներգրավվածության մասին: Սակայն ակնհայտ է, որ խոսքը 2015 թվականի ամռանը կնքված պայմանագրերի կատարմանն է վերաբերում:

2 տարի առաջ պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին հունիսի 15-ին և հուլիսի 10-ին Ֆրանսիայում կնքեց երկու պայմանագիր, մեկը ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ, մյուսը՝ հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության: Ըստ այս երկու պայմանագրերի՝ Վրաստանը Ֆրանսիայից ՀՕՊ համակարգեր և հրթիռներ պիտի ստանա:

ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագրից հետո թեև մանրամասներ չհրապարակվեցին, բայց Վրաստանի ՊՆ հրապարակած լուսանկարներից և տեսանյութից երևում էր, որ վրաստանյան կողմին ներկայացվել է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենամսյա տեղեկատվական-վերլուծական «Արտասահմանյան ռազմական տեսություն» (Зарубежное военное обозрение.) ամսագրի 2015 թվականի , №11 համարում «Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար» հոդվածում, այնուամենայնիվ, նշված է, որ «…ընթացիկ տարվա կեսերին Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց տրամադրել նրան [Վրաստանին] Ground Master ռադիոտեղորոշման կայան և կարճ հեռահարության «MICA» զենիթահրթիռային համալիրներ»։

Թեև վրաստանյան պաշտոնական հաղորդագրություններում երբևէ չեն նշվել ՀՕՊ վերոնշյալ միջոցները, բայց վերջին շրջանում վրաստանյան մամուլում հրապարակումներ կան MICA զենիթահրթիռային համալիրների մասին:

Նշենք, որ MBDA-ի հետ պայմանագրից հետո հաղորդվեց, որ պայմանագրի իրականացումը սկսվելու է 2016 թվականի հունվարի 1-ից։ Իսկ ահա 2016-ի մայիսին Խիդաշելին ռուսաստանյան «Վզգլյադ» թերթի լրագրողի հետ զրույցում հայտնել էր, որ Վրաստանը Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համակարգերը կսկսի ստանալ 2017 թվականից։

Այժմ հասկանալի է դառնում, որ Իզորիայի այցի նպատակը հենց հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման ժամկետների հստակեցմանը և սպասարկող անձնակազմի վերապատրաստմանն է վերաբերում:

Թեև հավանականությունը ցածր է, բայց այնուամենայնիվ պետք չէ բացառել, որ Վրաստանը հնարավոր է առաջիկա մեկ ամսում հասցնի վերապատրաստել զինտեխնիկան սպասարկող անձնակազմին, ստանա ՀՕՊ համակարգերն ու դրանք հանրությանը ցուցադրի մայիսի 26-ին՝ Անկախության օրվա միջոցառումների ընթացքում:

Հարկ է նշել նաև, որ պայմանագրերի կնքումից հետո Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ  գնվող համակարգերը լիովին համատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Հարցն այն է, որ դեռ 2014 թվականին Ուելսի գագաթաժողովի ժամանակ երբ Վրաստանը փորձում էր MAP (Membership Action plan) ստանալ, Դաշինքը Վրաստանի քայլերին ի պատասխան տվեց համագործակցության նոր փաթեթ, որը կոչվեց Substantial NATO-Georgia Package: Այս փաթեթով համագործակցությունը ներառում է ռազմավարական, օպերատիվ և տակտիկական մակարդակներում համագործակցության 13 ոլորտներ, այդ թվում՝ ավիացան և հակաօդային պաշտպանությունը: 2016 թվականի Վարշավայի գագաթաժողովից հետո համագործակցության այս փաթեթը շարունակում է մնալ հիմնականը, թեև բազմիցս նշվել են, որ որոշ ոլորտներում տրվելու է համագործակցության ավելի լայն շրջանակ:

Ինչո՞ւ են Վրաստանի համար այդքան կարևոր ավիացիան և հակաօդային պաշտպանությունը

2008 թվականի օգոստոսյան պատերազմի օրերին Վրաստանի համար խնդիր էր հակաօդային պաշտպանութունը և ավիացիան: Թեև ըստ վրաստանյան կողմի՝ ՀՕՊ-ը բավական արդյունավետ է աշխատել ( ոչնչացրել է 19  ինքնաթիռ, ռուսաստանյան կողմի տվյալներով՝ 6 միավոր ինքնաթիռ է ոչնչացվել),  այնուամենայնիվ,  Վրաստանը բավական տուժեց հենց օդային հարվածներից:  Ռուսաստանյան կողմն ավիահարվածներ կարողացավ հասցնել վրաստանյան մի քանի ռազմաբազաների՝  Վազիանիին, Մառնեուլում տեղակայված ավիաբազային: Իմիջայլոց, Մառնեուլի ավիաբազան երևի թե ամենաշատը տուժեց և ամենաշատ հարվածներ ստացավ:  Այստեղ էին տեղակայված Սու-25 գրոհիչներ, ուսումնամարտական ինքնաթիռներ:

Պատերազմից հետո ՀՕՊ-ն ու ավիացիան վերազինելու ու թարմացնելու կարիք կար: Հենց դրա համար Վրաստանի իշխանությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղծ ծրագրերում մեծ ուշադրություն է դարձնում օդային պաշտպանությանը՝ համարելով, որ ՌԴ կողմից հնարավոր ագրեսսիայից պաշտպանվելու համար առաջին հերթին ուժեղ ՀՕՊ է պետք:

You might also like

Comments are closed.