Հունիսի 10-ին առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա հայտնի վրացական Trio Mandili խումբը: Շատերն են սիրում աղջիկների կատարումները, բայց շատ քիչ տեղեկություն ունեն նրանցից:
Երբ 2014 թվականին վրաստանցի 3 աղջիկ իրենց սիրողական վիդեոն տեղադրեցին Youtube-ում, ոչ ոք չէր էլ մտածում, որ ընդամենը մի քանի օր հետո համացանցի ուժն իրենը կանի, ու աշխարհի տարբեր ծայրերում աղջիկները հայտնի կդառնան: Նրանց բնական, մաքուր ու եռաձայն կատարումը շատերին դարձրեց վրացական երաժշտության սիրահար:
Եռյակը ներկայացել էր Trio Mandili անունով: Mandili (მანდილი) վրացերենում նշանակում է գլխաշոր: Դեռևս հին ժամանակներում Վրաստանի տարբեր շրջաններում կանայք գլխաշոր են կրել: Ըստ վրացական ավանդության՝ եթե կինը գետնին է գցել իր գլխաշորը, ապա կռվող 2 տղամարդու միջև խաղաղություն է հաստատել:
Աղջիկները հայտնի դարձան “Ապարեկա” երգով: Սա խևսուրական երգ է, Ապարեկան էլ՝ տղայի անուն: Խևսուրեթին Վրաստանի բարձրլեռնային շրջաններից մեկն է: Իր բարբառով բավական տարբերվում է դասական վրացերենից: Շատ հաճախ Վրաստանի տարբեր շրջանների բնակիչները միմյանց ամբողջությամբ հասկանալու խնդիր են ունենում: Եվ եթե Դուք էլ գիտեք վրացերեն, բայց հաճախ դժվարանում եք հասկանալ աղջիկների երգերը, ապա իմացեք, որ նրանք տարբեր շրջանների երգեր են երգում:
Հիմա մի փոքր աղջիկների մասին. երբ խումբը ձևավորվեց խմբում էին Թաթուլի Մգելաձեն (Թաթիա), Շորենա Ցիսկարաուլին և Անի Չինչարաուլին: Աղջիկները մանկության ընկերուհիներ էին ու սիրում էին միասին ժամանակ անցկացնել, հաճախ երգում էին ու նկարում իրենց: Անին նվագում էր վրացական ժողովրդական գործիք՝ փանդուրի: Հայտնի է, որ աղջիկներից Շորենան Խևսուրեթիից է: Հենց այս շրջանի երգերից խումբը շատ է կատարում: Աղջիկները երաժշտական կրթություն չունեն, ինքնուս են: Հարցազրույցներից մեկում նշել են, որ իրենց ծնողները, տատիկ-պապիկնեը երգում են, սակայն կրթություն որրպես այդպիսին չունեն, անգամ փանդուրի նվագել ինքնուրույն են սովորել:

Այնուհետև խմբում փոփոխություն եղավ՝ Անի Չինչարաուլիին փոխարինեց Էլենե Նարեշելաշվիլին: Հայտնի է նաև, որ խմբի աղջիկներից Շորենան 2016թ.-ին ամուսնացել է:


Իսկ այժմ խումբը ներկայանում է մեծապես փոխված անձնակազմով: Հին խմբից մնացել է Թաթիան, ավելացել են Թամար (Թակո/Տակո) Ծիկլաուրին և Իրինա Միդելաուրին:
Թե ինչու են փոխվել խմբի անդամները, դժվարանում ենք ասել: Ամեն դեպքում փոփոխության մասին տեղեկություն չկարողացանք գտնել:

Trio Mandili-ն արդեն մեկ ալբոմ ունի՝ Սիրով (With Love): Աղջիկներն այս տարի նույնիսկ փորձեցին նվաճել Վրաստանը Եվրատեսիլում ներկայացնելու պատիվը, սակայն նրանցից ուժեղ գտնվեց Տակո Գաչեչիլաձեն:
Նշենք, որ խումբը տարբեր երկրներում շրջագայելիս սովորում է այդ ազգի, երկրի ազգային, ժողովրդական երգերից ու համերգի ընթացքում կատարում նաև դա: Հետաքրքիր է՝ Երևանում կայանալիք համերգին որ երգն են ներկայացնելու աղջիկները: Իսկ դուք ո՞րը կցանկանայիք լսել:
Նկարները՝ աղջիկների անձնական էջերից, ինչպես նաև խմբի պաշտոնական կայքից: