[PHOTO] Թբիլիսիի կենդանաբանական այգին դեռ լիովին չի վերականգնվել

2015 թվականի Թբիլիսիի ջրհեղեղն այդ երկրում դեռ երկար կհիշեն: Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների և Վերե գետի հունից դուրս գալու պատճառով մոտ 2 տասնյակ մարդ մահացավ, հարյուրավորները դարձան անօթևան, մեծապես վնասվեց Թբիլիսիի կենդանաբանական այգին, սպանվեցին ջրհեղեղի պատճառով քաղաքում հայտնված մի շարք գիշատիչ կենդանիներ:

Թբիլիսիի կենդանաբանական այգին
Թբիլիսիի կենդանաբանական այգին

Աղետից մոտ 2 տարի է անցել, բայց կենդանաբանական այգու վիճակն այդքան էլ հուսադրող չէ: Խնդիրն այն է, որ այգին այնպես է տեղակայված, որ տարածքի մի հսկայական մաս ուղղակի փոսի մեջ է, ու եթե նորից նման անձրևներ լինեն (իսկ Վրաստանում անձրևներ շատ են գալիս), ապա այգին անկասկած դարձյալ կվնասվի:

Նկարներում կարող եք տեսնել, որ կենդանիների կացարանների մի մասը գետնափոր են, կամ գետնից քիչ բարձր: Ամրաշինական աշխատանքներից նկատելի էին տնկված նոր ծառերը, մի քանի տեղ վերանորոգած կացարանները: Ընդհանուր առմամբ, դեռ հսկայական աշխատանք կա անելու, եթե իշխանությունը վերջնական չորոշի նոր այգի կառուցել ավելի անվտանգ վայրում:

Նոր այգի կառուցելու մասին քննարկումներ կան արդեն 1.5 տարի: Նախագիծ կա, որ այն տեղակայվելու է Թբիլիսյան ծովի մոտակայքում, լինելու է ավելի ընդարձակ ու հարմար կենդանիների համար: Հին այգին գործում է 1927 թվականից:

Նշենք, որ ջրհեղեղի պատճառով Թբիլիսիի կենդանաբանական այգին կորցրել է 277 կենդանի, այդ թվում՝ գայլեր, պինգվիններ, վագր, աղվեսներ և այլն: Այգու բնականոն կյանքը վերադարձնելու նպատակով  էլ նախորդ տարի մի շարք երկրներ իրենց կենդանաբանական այգիներից մի շարք կենդանիներ էին նվիրել:

 

You might also like