ԱՄՆ-ն Վրաստանի պաշտպանական ոլորտին 60-70 մլն դոլար կտրամադրի

2016թ. դեկտեմբերի 6-ին պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ-Վրաստան համագործակցության մասին կնքված հուշագրով ԱՄՆ-ն Վրաստանին կտրամադրի մոտ 60-70 մլն ամերիկյան դոլար:  Այս մասին մարտի 7-ին հայտնել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Վլադիմեր Չաչիբաիան:

Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Հոհենֆելսում տեղակայված JTRC-ում
Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Հոհենֆելսում տեղակայված JTRC-ում

«Որքանով ես եմ հասկանում, գումարն արդեն հատկացվել է»,— ասել է Չաչիբաիան, հաղորդում է Sputnik-Georgia-ն՝ հղում անելով Վրաստանի հանրային հեռարձակողի «Ռադիո 1» հաղորդմանը:

Աղբյուրը հայտնում է, որ Չաչիբաիայի փոխանցմամբ այդ գումարը ծախսվելու է միանգամից մի քանի հարցի լուծման վրա:

«Առանձնահատուկ է լինելու այն, որ ձեռք են բերվելու հատուկ սարքավորումներ, որոնք պարտադիր են կենտրոնի համար (Խոսքը գերմանական Հոհենֆելսում գործող ամերիկյան ռազմական պատրաստության կենտրոնի (Joint Multinational Readiness Center) նմանությամբ կենտրոնի կառուցման մասին է): Հատուկ սարքավորումների տակ մենք հասկանում ենք համակարգչային սարքավորումներ, որոնք բավականին թանկ արժեն: Կլինի նաև աշխատավարձի համար հատուկ ֆոնդ»,— ասել է Չաչիբաիան:

Կենտրոնը կառուցվելու է ԱՄՆ աջակցությամբ Վազիանիում: Այս մասին հայտնի է դարձել 2016-2019 թթ ԱՄՆ-Վրաստան պաշտպանական ոլորտում համաագործակցության հուշագրի կնքման ժամանակ:

«Ընտրվել է Վազիանին, քանի որ դրա կողքին զորավարժարան կա, որը լրիվ թեթևացնում է լոգիստիկ ապահովման հարցերը: Վրաստանը յուրահատուկ է այն առումով, որ Վազիանիի տարածքը թույլ է տալիս և՛ ցերեկը, և՛ գիշերն առանց բնակչությանն անհանգստացնելու գործնական վարժանքներ անել: Ինչպես գիտեք տարածքը խիտ բնակեցված չէ»,— հավելել է Չաչիբաիան՝ նշելով, որ կենտրոնը նախատեսված է լինելու գումարտակի համար, մասշտաբներով զիջելու է Հոհենֆելսին:

Տեղեկացնենք, որ Հոհենֆելսում վերապատրաստվում են վրաստանցի, ինչպես նաև հայաստանցի զինծառայողներ, ովքեր պատրաստությունից հետո առաքելություն են իրականացնում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

ԶՈւ ԳՇ պետը հայտնել է նաև, որ նախատեսվում է զորանոցների, խոհանոցի, դասասենյակների կառուցում: Ըստ ԳՇ պետի՝ եվրոպական շատ երկրներում գործնական պարապմունքների իրականացումը շատ դեպքերում անհնար է լինում, քանի որ երկիրը հարմար զորավարժարան չունի վարժանքների համար:

Նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ստորագրել էին պաշտպանական ոլորտում 2016-2019թթ. համագործակցության հուշագիրը, որով ԱՄՆ-ն աջակցելու է Վրաստանի ինքնապաշտպանության բարձրացմանը: Քերին այն ժամանակ հայտնել էր, որ սա հնարավորություն է տալու Վրաստանի զինված ուժերին աշխատել և համագործակցել ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ:

«Համագործակցությունը ներառելու է սահմանների ուժեղացում, ծովում և օդում անվտանգության ապահովում, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում»,— ասել էր Քերին:

Հավելենք, որ ռազմական պատրաստության կենտրոնը մտնելու է Կրծանիսիում գործող Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնի (JTEC) կազմի մեջ: Այս կենտրոնը բացվել է Substantial NATO-Georgia Package (SNGP)-ի շրջանակներում 2015թ. օգոստոսին:

You might also like