Նինո Քաթամաձե. «Ուզում էի դառնալ մեցցո-սոպրանո»

«Ուզում էի դառնալ մեցցո-սոպրանո, բայց դարձա երգչուհի-ավազակուհի»: Հարցազրույցներից մեկի ժամանակ հենց այսպես է իրեն անվանել հայտնի ջազ երգչուհի, վրացուհի Նինո Քաթամաձեն (Մամուլն օգտագործում է նաև Կատամաձե տարբերակը: Երգչուհու իրական ազգանունը Քաթամաձե է):

Ջազ-դիվա Նինոն ծնվել է Քոբուլեթիում, 1972 թվականին: Ինչպես հենց երգչուհին է պատմում դեռ երիտասարդ տարիներին զգացմունքային և մի փոքր էլ տարօրինակ է եղել, ավելին՝ դժվար հարաբերություններ է ունեցել ծնողների հետ:

Նինո Քաթամաձե
Նինո Քաթամաձե

«Ես չէի կարող ընդունել այն չափանիշները, որոնք առաջարկում էր իմ ընտանիքը: Ես ուզում էի ապրել, այլ ոչ թե ինչ-որ պարտականություններ կատարել: Իմ ընտանիքը որոշ կարծրատիպեր ուներ, ըստ որի ես անպայման պիտի ամուսնանայի, բայց ես այդպես չվարվեցի»,— մի անգամ հայտարարել է երգչուհին:

Չնայած նման խոսքերին երգչուհին մեկ անգամ չէ, որ շեշտել է, թե մեծացել է սիրո և բարության մթնոլորտում: Ավելին՝ մինչ այժմ համերգների ժամանակ միշտ իր հետ վերցնում է մայրիկի կամ տատիկի շալը:

Երգչուհու ընտանիքը բազմանդամ է եղել: Ընտանիքում 4 երեխա՝ 2 աղջիկ և 2 տղա: Նինոն լավ հարաբերություններ է ունեցել տատիկի հետ: Նա բժիշկ-կոսմետոլոգ է եղել, անունը Գուլի, ինչը վրացերենից թարգմանաբար նշանակում է սիրտ: «Տատիկս 14 թոռ և ծոռ ուներ, իսկ ես ամենասիրելի թոռն էի: Ինքն էլ ինձ համար էր էտալոն: Հիանալի կին, խելացի, գեղեցկուհի: Միշտ ինչ-որ բան էր անում, ստեղծագործում: Տատիկս միշտ ինձ համար հատուկ բաներ էր գործում», — ասել է երգչուհին:

Նինոն երևանյան համերգի ժամանակ
Նինոն երևանյան համերգի ժամանակ

Ասում են Քաթամաձեների ընտանիքում բոլորն են երգել: Անգամ մի անգամ Նինոն կատակով նշել է, որ նույնիսկ իրենց տան շները երգել գիտեն:
Երգել սկսել է 4 տարեկանից, շրջագայել՝ 7-ից: Սովորել է Բաթումի Պալիաշվիլիի անվան երաժշտական ինստիտուտում:
Կյանքում շրջադարձային տարի է եղել 1999 թվականը, երբ մի խումբ մարդկանց հետ հիմնադրել են «Insight» ջազային անսամբլը:«Մենք երբեք խմբի կազմը չենք փոխել, երբեմն երաժիշտների ենք հրավիրել: Խմբի հիմնադիրը Գոչա Կաչեիշվիլին է»,— մի առիթով ասել է երգչուհին:


Նինոյի երիտասարդությունը բավական հետաքրքիր է անցել: Երգչուհին հիմա իրեն անվանում է «գյուղական հիպպի»:

«Հագնում էի պատառոտված ջինսեր, ծխում «պրիմա», մետաղական իրեր կրում», — հիշում է երգչուհին: Քաթամաձեն երբևէ ալկոհոլի օգտագործման հետ խնդիրներ չի ունեցել, սակայն կյանքի մի շրջան թմրադեղերի հետ է կապված: «5 տարի թմրադեղերից կախվածության մեջ եմ եղել: Հիմա կարծում եմ, որ եթե դա չլիներ, այժմ չէի հասկանա, թե ինչ ասել է կախվածություն ունենալ ինչ-որ վատ բանից: Աստծո շնորհիվ ես խոսք եմ տվել թողնել դա և սարսուռով պահում եմ այն», — խոստովանել է Քաթամաձեն:

Նինո Քաթամաձեն
Նինո Քաթամաձեն

Երգչուհու բարդ խառնվածքը խնդիրների տեղիք է տվել նաև երաժշտական ուսումնարանում ուսումնառության տարիներին: Երգչուհին ընդունվել է ուսումնարանի դասական բաժին, բայց չի ցանկացել լսել ուսուցիչներին: Հարցազրույցներից մեկի ժամանակ Նինոն մեծ ակնածանքով է խոսել իր վոկալի ուսուցիչ Մուրման Մուխարաձեի մասին:

«Մուրման Մախարաձեն ինձ ասում էր, որ երաժշտությունն Աստծո լեզուն է: Իսկապես նա սրտի և հոգու ուսուցիչ էր: Ես հաճախ էի հյուրընկալվում նրանց տանը: Նա խմում էր թեյ, որը շատ էր սիրում, և մենք սկսում էինք երգել դասական ստեղծագործություններ: Իմ ուսուցչի շնորհիվ ես հասկացա, որ դասական երաժշտությունը ոչ մի սահման չունի, ընդհակառակը, այն ամենամեծ ազատությունն ունի: Ես շատ էի ուզում դառնալ լավ մեցցո-սոպրանո, բայց դարձա երգչուհի-ավազակուհի»,— անկեղծացել է Նինո Քաթամաձեն:

Ինչ վերաբերում է եգչուհու ոճին, նա հաճախ է նշել, որ իրեն հոգեհարազատ է ձայնային աններդաշնակությունը: «Ինձ ավելի շատ դուր կգա ի սրտե երգող տրակտորիստը, քան ճիշտ նոտաներ վերցնող վոկալիստը: Երբ դու երգում ես, քո մարմնի բոլոր բջիջները պիտի ցավեն: Այդ իսկ պատճառով ինձ համար ավելի լավ է մի ամբողջ համերգ երգել, քան ընդամենը 2 երգ: Երաժշտությունն ինքդ քեզ պես լինելու հնարավորություն է, քո բնության մասին խոսելու հնարավորություն: Երբ երգում եմ, մազերս թափած անտառ եմ թռչում: Իմ երգերն առաջին հերթին ուղղված են երկնքին, իսկ հետո միայն՝ համերգասրահին»,— ասել է երգչուհին:

Նինո Քաթամաձեն

Նինոյի կախեթինցի սերը

Երկար ժամանակ Նինոն սպասում էր իր կյանքի սիրուն, թեև փոքր տարիքում սիրահարվել էր և տանը հայտարարել, որ պատրաստվում է ամուսնանալ: Սիրո մասին մի անգամ երգչուհին ասել է. «Գլխավորը ոչ թե սեր գտնելն է, այլ այն ամեն պահի ընդունելու պատրաստ լինելը: Ես աղոթում էի Նիկոլաս Հրաշագործի նկարի առջև ու խնդրում ինձ սեր նվիրի: Ու նա ինձ նվիրեց իմ սիրելի տղամարդու հետ հանդիպում»:

Ընդամենը մի քանի շաբաթ հետո ոտքի վնասվածքով Նինոն բժշկի սենյակ է մտնում: Հենց այդ բժիշկն էլ դառնում է Նինոյի ամուսինը:
«Կան բառեր և զգացմունքներ: Սիրո մեջ լավ է բացատրվել զգացմունքներով: Ես սիրող, հիանալի և բարի ամուսին ունեմ, նա նույնիսկ իմ երկրորդ կեսը չի, այլ առաջին»,— ամուսնու՝ Դավիթի մասին այսպես է արտահայտվել Նինոն:
Իր որդուն՝ Նիկոլոսին Նինոն ունեցել է 35 տարեկան հասակում: Հղիության մասին իմացել է երբ սկսել է շրջագայության մեծ տուր:

Նինո Քաթամաձեն

«Պարզվեց՝ հղի եմ: Իսկ դեռ 6 ամսվա շրջագայություն էր պլանավորած: Ինչ արեցի ես… Համոզեցի բալիկիս և մենք գնացինք երգելու»: Արդեն հղիության 6-րդ ամսում բժիշկն արգելեց Նինոյին շրջագայել: Երեխային անվանեցին Նիկոլոս՝ ի պատիվ սրբի:
Նինո Քաթամաձեի երաժշտական կյանքն էլ է հարուստ տարբեր զգացողություններով ու գույներով: «White», «Black», «Blue», «Red», «Green…» սրանք Նինոյի ալբոմներն են: «Սպիտակը ջրի գույնն է, հանգիստ, թափանցիկ, «Սևը» նշանակում է մութ սենյակում մենակ մնացած դու գտնում ես մի դուռ, որտեղից ընկնում է արևի շողը, «Երկնագույնը» խաղաղությունն է, կապույտ երկնքի խաղաղությունը, խոր տարածությունն ու հոգեկան հանգստությունը, «Կանաչը» ներդաշնակության գույնն է, էներգետիկ ու դինամիկ, «Կարմիրը» խորհրդանշում է արևն ու էներգիան: Բայց այս ալբոմում ցավի շատ գույներ են: Ցավալի է, թե ինչ է կատարվում շրջապատում»,— նկարագրել է Քաթամաձեն:

You might also like