Վրաստանի ԶՈւ-ն հնարավոր է վերջնականապես հրաժարվի Սու-25 գրոհիչներից

Վրաստանի զինված ուժերը հնարավոր է վերջնականապես հրաժարվեն Սու-25 գրոհիչներից: Պատճառներից մեկն, ըստ այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Վլադիմեր Չաչիբաիայի, մարտական պատրաստության վիճակում դրանք պահելու խնդիրն է:  Այս մասին ԳՇ պետն ասել է վրաստանյան «Արսենալի» ռազմական ամսագրի հետ զրույցում, հաղորդում են վրաստանյան լրատվամիջոցները:

Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈՒԲ գրոհիչը
Վրաստանի ԶՈւ Սու-25 ՈՒԲ գրոհիչը

Ըստ առկա տեղեկությունների՝ այժմ ԶՈւ հաշվեկշռում կա 8 միավոր Սու-25ԿՄ և 3 միավոր Սու-25 ՈւԲ գրոհիչ:

ԳՇ պետը հայտնել է նաև, որ գրոհիչները չեն կարողանում կատարել զինված ուժերի առջև դրված խնդիրները: Նա նշել է, որ Ռուսաստանի ագրեսիայի պարագայում ավիացիան ոչ մի շանս չունի:

Գրոհիչներից հրաժարվելու երևի թե ամենածանրակշիռ պատճառը տեխնիկական սպասարկման հնարավորություն չունենալն է: Խնդիրն այն է, որ գրոհիչների շարժիչները մինչև 2008թ. Օգոստոսյան պատերազմը Վրաստանը ձեռք էր բերում Ռուսաստանից: Պատերազմից հետո սա մեծ խնդիր դարձավ Վրաստանի համար: 2009-ին այդ երկիրը կարողացավ գնել միայն 1 Ռ-195 շարժիչ: Դրանից հետո Վրաստանի փոխարեն շարժիչների հարցը լուծում էր Ադրբեջանը: Այդ երկիրը գնում էր Ռուսաստանից շարժիչները, իր իսկ երկրում՝ Սումգայիթ քաղաքում, վրաստանցի մասնագետները վերջնականապես հավաքում էին ինքնաթիռն ու հանձնում ադրբեջանական կողմին: Այսպիսով՝ Սու-25 գրոհիչներ արտադրող վրաստանյան «Թբիլավիամշենի» ընկերությունը, առանձնապես շատ հնարավորություն չունենալով փրկել հետագա արտադրությունը, ինքնաթիռների վերանորոգման տեխնոլոգիան վաճառել է Ադրբեջանին: Մինչ այդ Հարավային Կովկասում այդ մենաշնորհը պատկանում էր միայն Վրաստանին:

Հարկ է նշել նաև, որ դեռևս 2015 թվականից վրաստանյան մամուլում մի քանի անգամ լուրեր և լուսանկարներ էին շրջանառվում, թե Վրաստանը վերականգնել է գրոհիչների արդիականացումը և շուտով ի հայտ կգան գրոհիչի՝ «Ge-31 Բորա» անունը ստացած արդիականացված առաջին տարբերակները: Նշվում էր, որ ինքնաթիռը ստանալու էր Ge-31 «Բորա » (ბორა— ուրուր) անունը։ «Ge»-ն նշանակելու էր «Georgia» (Վրաստան), իսկ «31»-ը Խորհրդային Վրաստանում Թբիլիսիի ավիագործարանի նախկին համարն էր լինելու (№ 31)։ Դեռ մեկ տարի առաջ վրաստանյան մամուլը տարածում էր, թե  Ge-31-ը լինելու է «Սու-25Կ», «Սու-25Տ» ինքնաթիռների մոդիֆիկացված տարբերակը, որոնք սարքվելու են Վրաստանում։ Ամեն դեպքում սա Սու-25-ի արդիականացման առաջին ծրագիրը չէր. դեռևս 2000 թ. Թբիլիսիի ավիագործարանը իսրաելական Elbit systems ընկերության հետ արտադրում էր Սու-25ԿՄ «Սկորպիոն» տարբերակի գրոհիչներ։ Ամենայն հավանականությամբ, այս տարբերակը շահավետ չի եղել Վրաստանի համար և ԶՈւ-ն որոշել է ուղղակի հրաժարվել ինքնաթիռներից:

Հավելենք, որ արդեն 2 տարի Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է ոժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը՝ պայմանագրեր կնքելով ֆրանսիական և եվրոպական հեղինակավոր ընկերությունների հետ:

Վրաստանի ԶՈւ արդիականացումը պայմանավորված է առաջին հերթին ՆԱՏՕ-ի հետ ունեցած ծրագրերով: Ավիացիան և ՀՕՊ-ը արդիականացնելու մասին նշված է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տրված այսպես կոչված «Էական փաթեթում» Substantial NATO-Georgia Package (SNGP):

Հետաքրքիր է, որ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Վլադիմեր Չաչիբաիան վերոնշյալ հարցազրույցում նշել է, որ հրաժարվելով գրոհիչներից մեծ ուշադրություն են դարձնելու պետական «Դելտա» ռազմաարդյունաբերական ընկերության արտադրած ԱԹՍ-ներին:

You might also like

Comments are closed.