Թբիլիսիում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև 2017թ պաշտպանական համագործակցության պլանը

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Նրանց դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կողմերը ստորագրել են 2017 թվականի պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որը ներառում է համագործակցություն ռազմական կրթության, բժշկության, ոստիկանության ոլորտներում:

Վիգեն Սարգսյանը և Լևան Իզորիան ստորագրել են 2017 թվականի պաշտպանական համագործակցության համաձայնագիրը
Վիգեն Սարգսյանը և Լևան Իզորիան ստորագրել են 2017 թվականի պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Հայաստանի և Վրաստանի նախարարները հույս են հայտնել նաև, որ հաջորդ տարին ռազմական համագործակցության ոլորտում ավելի արդյունավետ կլինի:

Լևան Իզորիան անդրադարձել է նաև հայաստանցի և վրաստանցի զինծառայողներին, ովքեր խաղաղապահ առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, նշելով, որ նրանք պայքարում են ահաբեկչության դեմ:

Պաշտպանության նախարարները խոսել են նաև երկու պետությունների դարավոր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին՝ շեշտելով դրանց հետագա զարգացման և պահպանման կարևորությունը:

Տեղեկացնենք, որ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել նաև «Միացյալ Վրաստանի համար» հուշակոթողի մոտ: Արարողության ժամանակ հայաստանյան պատվիրակությանն ուղեկցել են Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Վլադիմեր Չաչիբաիան և պաշտպանության նախարարի տեղակալ Նուկրի Գելաշվիլին: Հայաստանյան պատվիրակության կազմում են պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:

Հայաստանյան պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը
Հայաստանյան պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 1-ին Երևանում ՀՀ և Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Թինա Խիդաշելին ստորագրել էին 2016թ. համագործակցության պլանը: Ինչպես հայտարարվել էր 2016թ. համգործակցության հիմնական ուղղություններից էին փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում:

 

 

 

You might also like

Comments are closed.