Աֆղանստանում վրաստանցի զինծառայողների քվեարկությամբ մի ԸՏ-ում հաղթել է իշխող, մյուսում`ընդդիմադիր կուսակցությունը

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող վրաստանցի զինծառայողների քվեարկությամբ մի ընտրատեղամասում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, մյուսում` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Այս մասին հաղորդում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը:

Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանում ընտրությունների ժամանակ
Վրաստանցի զինծառայողներն Աֆղանստանում ընտրությունների ժամանակ

Վրաստանում հոկտեմբերի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաև Աֆղանստանում առաքելություն իրականացնող վրաստանցի զինծառայողները: Ընտրելու գործընթացն այնտեղ կազմակերպվել է բուն ընտրություններից մի քանի օր շուտ` հոկտեմբերի 5-ին:

Այսօր` հոկտեմբերի 9-ին, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նաև զինծառայողների ընտրության արդյունքները: Այսպիսով` Բահրամ ավիաբազայում ձայների մեծամասնությամբ

  • առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (564 ձայն),
  • երկրորդ տեղում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (232),
  • երրորդում` «Իրակլի Ալասանիա- ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (214):

Մի շարք թեկնածուներ և կուսակցություններ ընդհանրապես ձայներ չեն հավաքել: Հետաքրքրական է նաև, որ «Ուսուպաշվիլի-հանրապետականներ» կուսակցությունը Բահրամում հավաքել է 7 ձայն:

Պատկերն այլ է Մազարի-Շարիֆում: Ձայների մեծամասնությամբ

  • առաջին տեղում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը (65 ձայն),
  • երկրորդ տեղում «Վրացական երազանքն» է 50 ձայնով:
  • Այս ընտրատեղամասում 7 ձայն է ստացել նաև «Իրակլի Ալասանիա-ազատ դեմոկրատներ կուսակցությունը», «Ուսուպաշվիլիի կուսակցությունը ոչ մի ձայն չի հավաքել:

Մյուս թեկնածուներին չենք անդրադարձել, քանի որ նրանց բաժին է հասել մի քանի ձայն ընդամենը:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այժմ Վրաստանում ամենամեծ ընդդիմադիր ուժն է, որը վերջին շրջանում խոստանում էր հաղթել ընտրություններում, իսկ Սաակաշվիլին պատրաստվում էր Վրաստան գալ, թեև հետախուզման մեջ է այդ երկրում:

Ինչ վերաբերում է «Իրակլի Ալասանիա-ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ապա այն հետաքրքիր է այն առումով, որ դրա առաջնորդ Իրակլի Ալասանիան նախկինում Վրաստանի պաշտպանության նախարարն էր (2012 հոկտեմբեր- 2014թ. նոյեմբերի 4), ում պաշտոնանկ արեց այժմ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Մյուսը «Ուսուպաշվիլի-հանրապետականներ» կուսակցությունն է, որի առաջնորդներից է նաև պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին: Իսկ Ուսուպաշվիլին Խիդաշելիի ամուսինն է, խորհրդարանի նախագահը:

Ինչպես երևում է զինծառայողների քվեարկությունից, զինծառայողների շրջանում դեռևս հեղինակություն է վայելում Իրակլի Ալասանիան, ինչը չի կարելի ասել Խիդաշելիի մասին, թեև վերջինիս պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում պաշտպանական համակարգում կարևոր փոփոխություններ եղան:

Ավելացնենք նաև, որ նախնական տվյալներով խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությամբ քառյակն այսպիսին է` «Վրացական երազանք» (49.92%), «Միացյալ ազգային շարժում» (26.7%),  «Հայրենասերների Դաշինք» (4.88%), «Իրակլի Ալասանիա-ազատ դեմոկրատներ» (4.13%): Խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարել 5%-ոց պատնեշը:

You might also like