Վրաստանում ծաղրի առարկա է դարձել Ռիոյում 2016 թվականի Օլիմպիադային մասնակցող Վրաստանի հավաքականի համազգեստը:
Վրաստանցիները Հիսուս Ամենափրկիչ արձանին արդեն հասցրել են «հագցնել» «վրացական» հագուստը:

Բանն այն է, որ վրաստանյան հասարակությունը դժգոհ է հավաքականի հագուստից: Այն համարում են ոչ թե սպորտային, այլ պարային: Ավելին, ասում են` աղջիկների հագուստն ավելի շատ ասիական մոտիվներ է հիշեցնում, քան վրացական: Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ օգտատերեր աղջիկների հագուստը նմանեցրել են ուզբեկականին, թուրքմենականին:

Հագուստը հուլիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում քննարկել է նաև Սաակաշվիլիի օրոք պաշտպանության նախարար (ոչ միայն) Դիմիտրի Շաշկինը, ՖԲ-ում գրելով` «Զգացեք տարբերությունը»:

Ամեն դեպքում, երբ համեմատում ես ներկայիս համազգեստը և Սաակաշվիլու օրոք ներկայացվածը, երևում է, որ նախկին հագուստներն ավելի թեթև ու սպորտային էին:
Հուլիսի 26-ին էլ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և իր կինը` Մակա Չիչուան Ֆեյսբուքում լուսանկարներ են հրապարակել հավաքականի համազգեստով, ենթադրաբար, փորձելով սատարել նրանց ու հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալ:
